Հասարակության բացարձակ մեծամասնությունը պահանջելու է Փաշինյանի հրաժարականը, նա կամավոր չի գնալու, բայց կուղարկենք․ Աղվան Վարդանյան

Այն ամենից հետո, ինչ կատարվել է Հայաստանում, Հայաստանի շուրջ, Արցախում, բնական է, որ անհրաժեշտ են փոփոխություններ․ թե դա ինչ ճանապարհով կլինի, ժամանակը ցույց կտա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Անդրադառնալով իշխանությունների կողմից արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, այնուհետև դրանից հրաժարվելուն` Վարդանյանն ասաց, թե «Իմ քայլը» հերթական անգամ հրաժարվեց իր իսկ դիրքորոշումից, ինչը, ըստ նախկին պատգամավորի, սովորական բան է։

«Նայեք Սահմանադրությունը, ՀՀ-ն ԱՀ անվտանգության երաշխավորն է, այսօր կա՞ նման բան, նայեք «Իմ քայլը»-ի նախընտրական ծրագիրը, որևէ բան կա՞ իրականացված։ Բոլոր հեքիաթները, թե հանրության պահանջ չկա, իրենց ստախոսության պայծառ դրսևորումն են։ Իշխանությունը փորձեց փակել սահմանադրական ճանապարհը, իսկ եթե դա փակում ես, լինելու են ցնցումներ, լինելու է հանրային ճնշում։ Եկել է ժողովրդի վրեժի ժամանակը, լինելու է ճնշում, այս վիճակի փոփոխության անհրաժեշտությունը օր առաջ պետք է, և դա լինելու է։ Որքան էլ ստեն, կեղծեն, իրենց սենյակներում փակվեն, հարյուրավոր ոստիկաններով և անվտանգության աշխատակիցներով շրջեն, դա ելք չէ, իրենք այս երկիրը կործանել են, կործանման եզրին են հասցրել և հեռանալու են»,-ասաց Վարդանյանը։

Հարցին՝ ինչպես են հեռանալու, Վարդանյանն արձագանքեց՝ սիրով։

Նա տեսակետ հայտնեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» կողմից կլինեն նոր զարգացումներ, մեթոդներ, ավելի մեծ համախմբում․ «Վստահ եղեք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը, ի տարբերություն, իմքայլականների տեսակետի, պահանջելու է այս մարդու հրաժարականը, նա կամավոր չի գնալու, բայց կուղարկենք, հանգիստ եղեք»,-ասաց Վարդանյանը։

Ըստ նախկին պատգամավորի՝ «Իմ քայլը»-ի պատգամավորներից մի քանիսը վերջացած սրիկաներ են, մի քանիսը՝ հայկականության, մեր հոգևոր-մշակութային արժեքի հետ որևէ առնչություն չունեն, առնվազն, ազդեցության գործակալներ են։

«Մի 3-4 հոգի կան, որ մտքի, հումորի «գիգանտներ» են, ամեն մի խոսքը, արտահայտությունը շատ ուշագրավ է, բայց նրանց մասին սփյուռաքահայերն ասում են անուշադիր, արևելահայերենով դա դառնում է ապուշ, բայց մի զգալի մասն էլ նորմալ հայ մարդիկ են։ Իմ գործը հիմնականում այս շերտի հետ է, ինձ հետաքրքիր են իրենց կարծիքները, թե ինչպես են կարողանում այս իրավիճակում շարունակել ծառայել մեկ անձի, որը երկիրը հասցրել է այս վիճակին։ Նաև՝ երկրում ռազմական դրություն է, ուզում էի տեսնել՝ արդյո՞ք բոլոր պատգամավորներն են զրահաբաճկոններով, սաղավարտներով, թե ավելի ազատ են զգում։ Ես եկել եմ ծանոթանալու այն մարդկանց հետ, որոնց վերաբերյալ հույս ունեմ, որ դեռ չեն կորցրել իրենց ազգային, մարդկային նկարագիրը»,-ասաց նա՝ նշելով նաև, թե իշխանական պատգամավորներից քչերին է դեմքով ճանաչում, իսկ սրիկաներին հանդիպելու ցանկություն  չունի։