Պահանջում ենք, որ արդարությունը վերականգնվի. Աբովյանի թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը և դասադուլը (տեսանյութ)

Մեր պահանջն անփոփոխ է: Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում շարունակվում է գործադուլը և դասադուլը: Այս մասին իր ֆեսյբուքյան ուղիղ եթերով հայտնեց դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը, աշակերտներն ու ուսուցչական կազմը բողոքի ակցիա է անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:

Հիշեցնենք, որ դպրոցում խնդիրն սկսվել է հունվարի 22-ին տեղի ունեցած տնօրենի ընտրություններից հետո, որտեղ խորհրդի ձայները բաժանվել են 4-4 հարաբերակցությամբ և արդեն դպրոցի տնօրենի ընտրելու հարցով պետք է զբաղվեր ԿԳՄՍ նախարարը:

Տնօրենին ընտրող կառավարման խորհուրդը բաղկացած է եղել 8 անդամից՝ 2-ը մանկավարժական կոլեկտիվի ներկայացուցիչներ, 2-ը՝ ծնողական խորհրդի, ավագ դպրոցների պարագայում 3-ը՝ ԿԳՄՍ ներկայացուցիչներ և մեկը՝ մարզպետարանից:

Մրցույթի ավարտից հետո ԿԳՄՍ նախարարությունը որոշել է տնօրեն ընտրել Քարմիլե Առաքելյանին, սակայն ուսուցչական կազմը պնդում է, որ այն եղել է անարդար, քանի որ Առաքելյանը վայելում է Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորությունը:

Փայտյանը նշեց, որ երեկ ԱԺ-ում ևս խնդիրը բարձրաձայնվել է և նախարարությանը պահանջվել, որ խնդրով զբաղվի: «Ես երբևէ քաղաքական պահանջ չեմ ներկայացրել, միայն պահանջում ենք, որ արդարությունը վերականգնվի այս դպրոցի պատերի ներսում»:

Ուսուցիչները այսօր հանդիպել են նաև նախկին տնօրենի հետ, քննարկել տեղի ունեցող իրավիճակը և դրա հավանական լուծումները:

Մանրամասները՝ տեսանյութում