Նիկոլն ու նրա ետևում կանգնած ուժերը ռուսական ռուլետկա խաղացողը չէին

Վստահ էր, որ հաղթելու են արտահերթ ընտրություններում, կամ կեղծում էր դրանց անցկացման հնարավորության մասին հայտարարելիս

 

Երբ Նիկոլն անցյալ տարեվերջին հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին, գոնե ինձ համար պարզ էր հետևյալը.

1.ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, եթե իսկապես մտադիր էր գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, իր թիմակիցներից ոմանց, համենայն դեպս, այստեղի և Արևմուտքի խորհրդատուների հետ միասին նախապես բազմակողմանիորեն հաշվարկել ու 100 տոկոսով համոզված էր, որ իշխանության ու նրան սատարող ուժերի կողմից համապատասխան քաղաքական ու հոգեբանական տեխնոլոգիաների կիրառմամբ հասարակության մի ստվար մասի գիտակցության մանիպուլյացիայի, ինչպես նաև ընտրակեղծիքների միջոցով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրություններում հաղթելու է գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցություններին` ԲՀԿ-ին, ՀՀԿ-ին, ՀՅԴ-ին, «Հայրենիք»-ին…

2.Նիկոլն արտահերթ ընտրությունների որոշումը նախապես համաձայնեցրել էր իր` իշխանությանը տիրելու կամ զավթելու գործում էական դերակատարություն ունեցած Արևմուտքի հայտնի ուժերի ու կառույցների, թերևս նաև արևմտյան որոշ պետությունների ղեկավարների հետ, ստացել նրանց համաձայնությունը, քանի որ Արևմուտքի համապատասխան հետազոտական, վերլուծական ինստիտուտները,  ուղեղային կենտրոնները և հատուկ ծառայությունները նույնպես հաշվարկել էին ու հանգել 100 տոկոսանոց համոզվածության, որ վերոնշյալ գործիքակազմի կիրառման պարագայում արտահերթ ընտրություններում հաղթելու է Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը:

3.Նիկոլն իր և իր կուսակցության հաղթանակի հարցում անգամ 1 տոկոսի կասկած չուներ, հակառակ պարագայում չէր հայտարարի արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, քանի որ հրաշալի հասկանում էր ու հասկանում է, թե տանուլ տալու դեպքում ինչ է սպասվում իրեն և իր ընտանիքին: Ի դեպ, այդ դեպքում ամենևին էլ ոչ վարդագույն ապագա է սպասվում նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին, Նիկոլի համապատասխան ենթականերին, հատկապես, իրավապահ մարմինների ղեկավարներին, նրա ապօրինություններին աջակցած, դրանց նկատմամբ աչք փակած, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ապօրինի հրամանները, կարգադրությունները, հանձնարարությունները կատարած բոլոր անձանց:

4.Նիկոլի քաղաքական թիմի, հետևաբար և Նիկոլի հաղթանակի հարցում նույնիսկ 1 տոկոսի կասկած չունեին նաև Արևմուտքի հայտնի ուժերն ու կառույցները, թերևս նաև արևմտյան առաջատար պետությունների ղեկավարները, քանի որ նրանք էլ հրաշալիորեն հասկանում էին, որ պարտության դեպքում ջուրն են լցվելու «թավշյա հեղափոխություն» կոչվածն իրականություն դարձնելու նպատակով 2018-ին ու մինչև 2018-ն իրենց ներդրած բոլոր ֆինանսական միջոցները, ջանքերը և ամենակարևորը` աշխարհաքաղաքական նպատակներին հասնելուն միտված ծրագրերը:

5․Միաժամանակհնարավորէր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին Նիկոլի հայտարարությունն անկեղծ չէր, նա ի սկզբանե չուներ այդ նպատակը, նշված հայտարարությունն ընդդիմության ու հասարակության համար նախատեսված շեղող մանևր էր, որպեսզի նրանց հանգստացնի, հնարավորինս լիցքաթափի և խոչընդոտները բացառելով, հունվարի 11-ին հանգիստ գնա Մոսկվա և Ալիևի հետ ամրապնդի, զարգացնի մինչ այդ ձեռք բերված հակահայկական պայմանավորվածությունները:

Ինչպես արդեն հայտնի է, անցյալ շաբաթ և կիրակի Աղվերանի «Բեսթ ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: կազմակերպված փակ ժողովից, կիրակի օրն այնտեղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ Նիկոլի հանդիպելուց ու Երևան վերադառնալուց հետո կատարվել է հայտնի գրառումը, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Դժվար թե խմբակցության անունից հրապարակված այս հայտարարությունը կատարված լինի առանց Նիկոլի գիտության ու համաձայնության, ավելին` առանց նրա հանձնարարության, հետևաբար արտահերթ ընտրություններից հրաժարվելը պետք է համարել հենց Նիկոլի որոշումը: Մանավա՛նդ, որ վերոնշյալ հայտարարությունից հետո նա հանդես չի եկել հակառակ դիրքորոշմամբ, այսինքն` չի հայտարարել, որ չնայած «Իմ քայլ»-ի դեմ լինելուն, ինքն արտահերթ ընտրությունները համարում է անհրաժեշտություն ու միակ ելքը` առկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար:

Բնականաբար, հարց է առաջանում, թե Նիկոլն ինչո՞ւ մտափոխ եղավ ու հրաժարվեց արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարից, եթե անցյալ տարեվերջին իսկապես ուներ այդ նպատակը: Պատճառները, որոնց կանդրադառնամ հաջորդիվ, առնվազն երեքն են:

 

Արթուր Հովհաննիսյան