Այդպես ջնջում ենք Գորիսի պատմությունը. վաճառքի է հանվել Սյունյաց թեմի նախկին առաջնորդարանը

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը երեկ՝ փետրվարի 8-ին, հայտարարեց, որ Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը՝ ուսուցչի տունը, Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել։

Ուսուցչի տունը դասվում է մշակութային այն արժեքների թվին, որոնք վաճառքի չպետք է հանվեն՝ հայտարարել է Գորիսի պետական համալսարանի դասախոս, բանասեր Մհեր Քումունցը։ Այս մասին գրում է News.am-ը։

Ըստ նրա՝ նույնն է, թե վաճառքի հանեն Ակսել Բակունցի թանգարանը։

«Շատ վատ եմ վերաբերվում այդ գործընթացին։ Հավանաբար, դա կդարձնեն հյուրանոց։ Գորիսում էլ կան մարդիկ, որոնք կարող են գնել շենքը, սակայն իրենք իրենց թույլ չեն տա նման բան անել։ Մենք կարծում ենք՝ գնորդ չի գտնվի։ Եթե գտնվի, մտածում ենք՝  խնդրենք, որ չգնեն»,- նշեց ԳՊՀ դասախոսը։

Մհեր Քումունցը պատմեց, որ այդ կառույցը Գորիսի առաջին շենքերից մեկն է. «Երբ Գորիսը որպես գավառական կենտրոն էր ձեւավորվել, ունեցել է շատ քիչ շենքեր. սա առաջին շենքերից մեկն է։ Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանն է այդտեղ ապրել։ Նա շատ կարեւոր անձնավորություն էր, Թումանյանի մտերիմ մարդկանցից մեկն է եղել։ Նա է Գորիսի թատրոնի ստեղծողներից մեկը։ Այդ շենքը պատմական է դառնում նաեւ դրանով։ Գիտեք, մենք առանձնապես այդքան էլ շատ չունենք նման կառույցներ։ Կրճատելը միշտ էլ կարող ենք, ափսոս է»։

Նա նշեց, որ լավ կառուցված շենք է եւ կարող է ծառայել որպես Երկրագիտական թանգարան. «Մեր Երկրագիտական թանգարանը նկուղային մասում է, մի մասը չեն ցուցադրում՝ տեղ չլինելու պատճառով, մի մասն էլ գետնին է թափված։ Եվ հետո էլ դա պատկանում է համայնքին։ Միշտ էլ բոլորի աչքն այդ շենքի վրա է եղել։ Մենք ի՞նչ մշակութային ժառանգություն պիտի թողնենք  սերունդներին։ Մարզերը մեր ազգային արժեքների հիմնական կրողն են։ Այդպիսով՝ մենք ջնջում ենք Գորիսի պատմությունը։ Բացի այդ էլ՝ շենքի վրա հուշատախտակ կա փակցված, որ այստեղ ապրել է արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, այսինքն՝ հուշատախտակով շենքը վաճառքի է հանվում։ Եկեք այդ հիմունքով էլ վաճառենք Չարենցի կամ Բակունցի տունը։ Խնդրում եմ՝ Երեւանի բոլոր պատմական շենքերը թող վաճառեն, վերջում վաճառեն այս շենքը։ Մտածում եմ՝ գուցե մենք գումար հավաքենք ու գնենք կառույցը»։

NEWS.am-ի հետ զրույցում Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն ասաց, որ այդ շենքը Գորիսի համար հսկայական նշանակություն ունի. «Այդտեղ ապրել է Մեսրոպ սրբազանը։ Նրա ընտանիքը Գորիսում մեծ ներդրում ունի։ Մեզ համար հեշտ չի համակերպվելը, որ այդ կառույցը կարող է դառնալ մասնավոր սեփականություն։ Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանի եղբայրը նույնպես Գորիսում նշանավոր մարդ է եղել, անգամ իր տունը նվիրել է Գորիս համայնքին՝ որպես դպրոցի շենք։ Այդ շենքը պետք է պատկանի համայնքին։ Գորիսն ամեն ինչ արել է պատերազմի ընթացքում իր աջակցությունը ցուցաբերելու ուղղությամբ, գոնե դա հաշվի առնելով պետությունն այն փոխանցի համայնքին»։

Անդրադառնալով կառույցի պատմությանը՝ Վարդան Սարգսյանը պատմեց, որ այն եղել է զբոսաշրջության կենտրոն, հետո ուսուցչի տուն, եղել է նաեւ Սյունյաց թեմի առաջնորդարան. «Խորհրդային տարիներին հարուստներից բռնագրավել էին իրենց ունեցվածքը։ Մեսրոպ մագիստրոս արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը նշանավոր հոգեւորական է եղել, նրանց տոհմը հայտնի ազնվական տոհմ էր։ Երբ Գորիսը սկսել է ձեւավորվել, Սյունիքի տարբեր բնակավայրերից ազնվական մարդիկ եկել ու սկսել են կառուցել տներ, քաղաքն այդպիսով սկսել է կայանալ։ Բոլշեւիկյան շրջանում որպես հարուստի տուն բռնագրավել ու գործածել են տարբեր նպատակներով։ Եղել է զբոսաշրջության կենտրոն, հետո ուսուցչի տուն, Սյունյաց թեմի առաջնորդարան է եղել»։

Վարդան Սարգսյանն ասաց, որ շենքը նախորդ դարի 90-ականներին վերակառուցվել է, լավ վիճաում է գտնվում։

«Այս կառույցի ճակատագրի նկատմամբ չպետք է անտարբեր լինենք։ Կառավարությունից ակնկալում ենք, որ հաշվի նստի այդ շենքի վերաբերյալ մեր կարծիքների հետ»,- նշեց նա։

NEWS.am-ը փորձեց պարզաբանում ստանալ Պետական գույքի կառավարման կոմիտեից, սակայն աշխատակիցներից մեկը տեղում չէր, մյուսներն էլ չպատասխանեցին հեռախոսազանգերին։