Կներեք, որ այսպես եմ ասում, բայց շենքի սեփականատերերը պետք է զբաղվեն շենքի ամրացումներով. Հայկ Մարության

«Ե՞րբ եք Վարդաշենի վթարային շենքի բնակիչների համար բնակարան կառուցելու»,- Երևանի ավագանու նիստից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում հարց հնչեցրեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ կոնկրետ Վարդաշենի համար ժամկետներ չի կարող նշել, բայց ընդհանուր վթարային բոլոր շենքերի համար քննարկումներ  ընթանում են, որ կարողանան վերջնական եզրահանգման գալ։

«Բացի դրանից, սկսել ենք փուլ առ փուլ հանդիպումներ անցկացնել, մասնավորապես, ունեցել ենք հանդիպում Արցախի բնակիչների հետ։ Ունենալու ենք նաև հանդիպում Վարդաշենի բնակիչների հետ։ Երբ կունենանք վերջնական լուծում պաշտոնապես կհայտարարենք»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ հավելեց․ «Շենքերի խնդիրը առաջին հերթին, օրենքով եթե խոսենք, շենքում բնակվող սեփականատերերի խնդիրն է՝ իր ամեն ինչով, մուտքով, կտուրով, իր տարածքով։ Երբ բնակարանը վաճառվում է, ապա ոչ քաղաքապետարանը, ոչ էլ պետությունը վաճառքի գումարից ոչ մի օգուտ չեն ստանում։ Կներեք, որ այսպես եմ ասում, բայց պետք է մենք մեզ հետ մի քիչ լուրջ խոսենք, հասուն կերպով։ Շենքի սեփականատերերը պետք է զբաղվեն շենքի ամրացումներով, ամեն ինչով»։