Ուզում եմ օրակարգում գտնել մեկ հարց, որն ադեկվատ է մեր առաջ կանգնած մարտահրավերներին, բայց չկա. Տարոն Սիմոնյան

16 հարց է այսօր օրակարգում ընդգրկված, ուզում եմ գտնել մեկ հարց, որը ադեկվատ է մեր առաջ կանգնած մարտահրավերներին՝ այս ժամանակահատվածում: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին Ազգային ժողովի հերթական նիստում, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ օրակարգը ընդունելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Ասվածին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և նշեց, որ բազմաթիվ այլ խնդիրներ կան և չեն կարող զբաղվել միայն մեկ հարցով:

«Ես չեմ ասում միայն այդ հարցով զբաղվել, ես ասում եմ՝ 16 հարցից ոչ մեկ կապ չունի այդ մարտահրավերների հետ»,-շարունակեց Տարոն Սիմոնյանը:

Արարատ Միրզոյանն ասաց, որ յուրաքանչյուր անգամ ԼՀԿ-ն հայտարարում է, որ քննարկվող հարցերը ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին և որևէ մեկը կարևոր չէ, և հետո հարցերի քննարկումների ժամանակ տեսնում են պատգամավորների ակտիվ ներգրավվածությունը, ինչը ողջունելի է:

«Օրակարգի առաջին հարցը, Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարց ունենք, որևէ մեկը կարող է ինձ ասել, որ սա անկարևոր է կամ պարտադիր չէ, որ ընտրենք, առանց այն էլ, որ ուշացրել ենք»,-ասաց Միրզոյանը:

Այնուհետև Տարոն Սիմոնյանը իր ելույթում ավելացրեց. «Ընկերներ, սա էլ հո հայերեն եմ խոսում: 16 հարց է ընդգրկված, լավ եք արել, հարյուրը ընդգրկեիք, բայց դրանցից գոնե մեկը կարո՞ղ է ուղղված լինել մարտահրավերներին, թե ոչ»,-ասաց նա: