Նիկոլը Սյունիքի տակ փաստորեն դրել է դանդաղ և ոչ այնքան դանդաղ գործողության ականներ, որոնք արդեն սկսել են մեկառմեկ պայթել

Սյունիքը հայտնվել է թշնամու աքցանում, որը տարբեր հատվածներում աստիճանաբար առաջ է տալիս իր դիրքերը, կրակում…

 

Պաշտպանության նախարարությունն այն կառույցն է, որի հրապարակած պաշտոնական տեղեկատվությունը պետք է լիովին համապատասխանի իրականությանը, որովհետև բավական է ստի, կեղծիքի որևէ դրսևորում, ու մարդկանց, հասարակության վստահությունը կխարխլվի մեր անվտանգային համակարգում ոչ երկրորդային դեր ունեցող ու խիստ կարևոր այս հաստատության նկատմամբ: Բայց երբ արդեն ՊՆ-ն է fake news-ով հանդես գալիս, նշանակում է, էլ պետություն չկա:

Թե 2020թ. պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության հրապարակած և, ընդհանուր առմամբ, գրեթե մոտալուտ հաղթանակ ուրվագծող տեղեկությունները ճշմարտությանը համապատասխանո՞ղ էին, թե ոչ, պարզ դարձավ կապիտուլյացիոն համաձայնագրի ստորագրումից ու մեր խայտառակ պարտությունից հետո: Բայց ՊՆ-ում հասարակությանը մոլորեցնելու իրենց այս քաղաքականությունը մարսեցին, այս կապակցությամբ քննադատությունները, պարսավանքները չտեսնելու, չլսելու տվեցին ու, դատելով փետրվարի 6-ին ՊՆ կայքում հրապարակված պաշտոնական տեղեկատվությունից (իրականում` ապատեղեկատվությունից), որոշել են շարունակել նույն կերպ:

Այն դեպքում, երբ փետրվարի 6-ին Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպ էր տեղի ունեցել, ՊՆ-ն իր կայքում հրապարակած մամուլի հաղորդագրությամբ հանդես եկավ հետևյալ ապատեղեկատվությամբ կամ կեղծիքով.

«Փետրվարի 5-ին և 6-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել»:

Նույն հաղորդագրության մեջ նշված է նաև.

«ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները շարունակում են վերահսկել սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում են առաջադրված խնդիրները»:

ՊՆ-ի վերոնշյալ հաղորդագրությունից մոտ 1 ժամ հետո NEWS.am -ը և մի շարք այլ ԶԼՄ-ներ հրապարակեցին տրամագծորեն հակառակ բովանդակությամբ տեղեկատվություն  առ այն, որ փետրվարի 6-ին Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում միջադեպ է տեղի ունեցել:

«Ամեն ինչ սկսվել է  «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց,- NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրել է Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը:- Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ չթույլատրելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»:

Փարսյանի հայտնածից պարզ է դառնում, որ Ադրբեջանի զինծառայողները ոչ թե դիրքային փոփոխության փորձ, այլ հենց դիրքային փոփոխություն են կատարել, ընդ որում, ռուս խաղաղապահներն այն չեն կանխել, բայց հետո ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխություններ, առաջխաղացում թույլ չտալու համար, նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել, ԲՏՌ-ով փակել են ճանապարհը:

Նորից հիշենք ՊՆ-ի հաղորդագրությունը և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին հարցնենք` ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներն այսպե՞ս են շարունակում վերահսկել սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները…

Արձագանքելով կատարվածին, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը տեղի ունեցածի առնչությամբ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել-արձանագրել է ՝ «Այսինքն՝ Սյունիքում ադրբեջանցիները կրկին իրենց դիրքերն առաջ են տվել», և ապա հեգնանքով շարունակել. «Սպասեք հիշեմ, թե ինչ էին ասում նիկոլաթուրքերը մեր դիրքերը հանձնելիս. «Այդպես ավելի անվտանգ է»։ Հա, ու մեկ էլ ասում էին. «Դիմեք ԱԱԾ անվճար հեռախոսահամարով»»:

Ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել դեպի Կապան տանող ճանապարհահատվածում կամ դրա մոտ փետրվարի 5-ին, որի հետևանքով Կապանում վիճակը լարված է: ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ կապակցությամբ դարձյալ լռում է, թաքցրել ու թաքցնում է կատարվածը հասարակությունից: ՊՆ-ի կայքում այդ մասին առ այս պահը որևէ տեղեկություն հրապարակված չէ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել է միայն, որ փետրվարի 5-ին միջադեպ է տեղի ունեցել, և այդ միջադեպի ընթացքում է, որ մերոնցից կրակել են դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա վերջերս ադրբեջանական կողմի տեղադրած ցուցանակին:

Անորոշ է մնում, թե որ կողմի մեղքով կամ սադրանքով է տեղի ունեցել վերոնշյալ միջադեպը, և ի՞նչ անհրաժեշտություն է առաջացել անշունչ ցուցանակի վրա կրակելու, որն Ադրբեջանի զինծառայողների համար հանդիսացել է առաջխաղացման առիթ… Նշենք, որ Կապանի քաղաքապետի հայտնած տեղեկության համաձայն, ցուցանակի վրա կրակել են մերոնցից, այսինքն` հայ զինծառայողներից:

«Եթե հիշում եք՝ ադրբեջանական կողմը վերջերս ցուցանակ էր տեղադրել դեպի Կապան տանող ճանապարհահատվածի վրա: Երեկ տեղի ունեցած միջադեպի ընթացքում մերոնցից կրակեցին այդ ցուցանակի վրա: Երեկոյան իրենց ցուցանակը փոխել են ու նորը տեղադրել, իսկ արդեն այսօր դիրքավորվել ցուցանակի դիմաց»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը՝ նշելով, որ ռուսական կողմը փորձել է թույլ չտալ ադրբեջանցիներին դիրքավորվել, բայց նրանք, այդուհանդերձ, դիրքավորվել են»։

«Արդյունքում ստացվեց, որ հիմա, ներկա պահին ադրբեջանական կողմը դիրքավորված է Կապանի ճանապարհահատվածի ցուցանակի դիմաց, բայց ռուսները նոր վերակարգ են տեղադրել՝ հենց ազերիների դիմաց»,-ասել է Կապանի քաղաքապետը:

«Փաստինֆո»-ն հիշեցրել է, որ ադրբեջանցիները փետրվարի 5-ին էլ իրենց դիրքերն առաջ են բերել Ներքին Խնձորեսկի ուղղությամբ ու մոտենում են գյուղին։ Հավելենք, որ Կապան տանող ճանապարհին ադրբեջանցիներն այսօր էլ շարունակում են դիրքավորված մնալ։

Այսպիսով փաստվում է, որ մեր պաշտպանական դիրքերը հանելուց և Հայաստանի Հանրապետության տարածքները հանցավոր կերպով, դավաճանորեն Ադրբեջանին զիջելուց հետո, Սյունիքը հայտնվել է թշնամու աքցանում, որը տարբեր հատվածներում աստիճանաբար առաջ է տալիս իր դիրքերը, կրակում է Սյունիքի տարբեր գյուղերի հարևանությամբ` նպատակ ունենալով ահաբեկել այդ գյուղերի բնակիչներին, հասնել դրանց, ապա նաև ողջ Սյունիքի հայաթափմանը, իսկ հետագայում ողջ Հայաստանի հայաթափմանն ու գրավմանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անցյալ ամիս ահազանգել էր, որ Ադրբեջանի զինվորականները Կապանի Ներքին Հանդ, Շիկահող, Ճակատեն, Ուժանիս, Ագարակ, Եղվարդ գյուղերի հարևանությամբ կրակոցներ են արձակում փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այս ամսվա սկզբին էլ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էր հաստատել այդ տեղեկությունները և հայտնել ադրբեջանցի զինվորականների կողմից Կապանի մի քանի գյուղերի հարևանությամբ արդեն մեկ ամիս պարբերաբար կատարվող կրակոցների, ինչպես նաև ստեղծված իրավիճակի հետևանքով բնակիչներն անհանգստացած լինելու մասին:

«Փաստինֆո» -ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրել է, որ «Կապանում մեծ քանակությամբ հողատարածքներ կան, որոնք մշակելու հարցում գյուղացիները անհանգստանում են, անգամ վախենում են ապագայում մշակել ու օգտագործել։ «Բնակիչները վախենում են, որովհետև սահմանային են հողերն ու գտնվում են թշնամու դիտարկման ներքո։ Խոսքը ընդհանուր մոտ 700 հա հողատարածքի մասին է։ Քանի որ Կապան համայնքը հարուստ չէ գյուղատնտեսական հողերով, ուստի մակերեսը բավական մեծ է համարվում համայնքի համար»»։

«Կապանում Ադրբեջանի պրովոկացիաները գալիս են նրանից, որ ադրբեջանցիներին թույլ է տրվել GPS-ով սահման գծել և սահմանանշում անել,- Armlife.amտեղեկացմամբ, ասել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին սպա, գնդապետ Միխայիլ Խոդարիոնոկը:- Հայաստանի վարչապետը սխալ էր, որ թույլ տվեց նման սահմանագծում։ Այդ հարցը պետք է լուծվեր միջպետական պայմանագրերով, ոչ թե ներքին օրենքներով»։

Նշենք, որ գնդապետ Խոդարիոնոկն այս մեկնաբանությամբ հանդես է եկել հենց փետրվարի 6-ի վերոնշյալ միջադեպի առնչությամբ: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դավաճան Նիկոլը Սյունիքի տակ փաստորեն դրել է դանդաղ և ոչ այնքան դանդաղ գործողության ականներ, որոնք արդեն սկսել են մեկառմեկ պայթել: Այս առումով նրա գործողություններն ու անգործությունը ոչ թե սխալի կամ սխալների հետևանք են, այլ պետական դավաճանության դրսևորում, ինչն առավել ակնհայտ է դառնում դրանք այլ փաստերի համատեքստում դիտարկելիս: Կատարվածի առնչությամբ Փաշինյանի գրասենյակը լռում է: Դե ինչ ասի… Դատելով ամենից, Ադրբեջանի զինծառայողների առաջխաղացումը ու դրա հանդեպ Հայաստանի զինծառայողների կրավորական կեցվածքը, հանդուրժողականությունը Փաշինյան-Ալիև գաղտնի պայմանավորվածությունների շրջանակում է:

Ընդգծենք, որ ՀՀ Սահմանադրության հոդված 14-ի («Զինված ուժերը և պաշտպանությունը») իմպերատիվ պահանջի համաձայն, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», հետևաբար կատարվածի համար ոչ հեռավոր ապագայում Նիկոլից բացի, պատասխանատվության առջև են կանգնելու նաև ՀՀ ԶՈւ ղեկավարն ու ղեկավարությունը:

 

Արթուր Հովհաննիսյան