Հետևողական կազմաքանդվում են պետական, արտաքին ու ներքին քաղաքական ինստիտուտները․ Նարինե Դիլբարյանը՝ փաշինյանական ճանապարհային քարտեզի մասին

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Նոյեմբեր18-ի Փաշինյանական ճանապարհային քարտեզը. ժամկետի գրեթե կեսն անցել է. 15 կետից ո՞րն է իրականացել, կամ գոնե հիմքը դրվել, բացի կուսակցությունների մասին ներկա պահին զրո արդյունավետությամբ օրենքից: Իրականում հետևողական կազմաքանդվում են պետական, արտաքին ու ներքին քաղաքական ինստիտուտները, իրավիճակը՝ բանակը, դատարանները, հակակոռուպցիոն պայքարը, ժողովրդագրությունը, տնտեսական միջավայրը, Արցախի հարցի, կարգավիճակի վերաբերյալ Մինսկի խմբի բանակցությունները, սփյուռքի հետ հարաբերությունները, հումանիտար հետպատերազմական խնդիրները, փախստականներ, կամավորներ, գերիներ, հաշմված մարդիկ, բոլոր կողմերից զայրույթ, չկատարված խնդիրների ահագնացող բեռ: Ի հիշեցում և ի հաստատում նշածիս բերում եմ ապրիորի խոստացված քարտեզը.

«1.Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ:

  1. Ապահովել արցախցիների վերադարձը իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների և ենթակառուցվածքների վերականգնում:
  2. Զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
  3. Պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում տուժած բնակելի և հանրային կառույցների և ենթակառուցվածքների վերականգնում:
  4. Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի և մասնագիտական վերապատրաստման ապահովում:
  5. Գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձ: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում: Անհետ կորածների ճակատագրերի շուտափույթ պարզաբանում: Նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովում:
  6. Պատերազմին մասնակցած անձանց և ընդհանուր առմամբ հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձևավորում:
  7. Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ:
  8. Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում:
  9. Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում:
  10. Ժողովրդագրական խնդիրների լուծման ծրագրերի ակտիվացում:
  11. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
  12. Մասնագիտացված դատավորների ինստիտուտի ներդրում՝ որպես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առաջին քայլ: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրարկման մեկնարկ:
  13. Հայաստանյան քաղաքական և քաղաքացիական համայնքի ներկայացուցիչների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում:
  14. Սփյուռքի հայկական կառույցների և առանձին անհատների հետ մշտական թեմատիկ կոնսուլտացիաների անցկացում: Հայաստանյան և սփյուռքի առանձին անհատների և կառույցների ներգրավում վերոնշյալ գործընթացների մեջ»: Հավատացողների քանակը անհույս է, դրա համար էլ արտահերթ ընտրություններն այլևս Նիկոլի օրակարգում չեն…»։