Գերմանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստված 14 մարդ վարակվել է բրիտանական շտամով

Ստորին Սաքսոնիայում, Գերմանիայի հյուսիս-արևմուտքում, ծերանոցի 14 բնակիչներ կորոնավիրուսի դեմ Pfizer դեղմիջոցով պատվաստվելուց հետո վարակվել են SARS-CoV-2 բրիտանական շտամով: Այս մասին գրում է  «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով տեղական իշխանությունների հայտարարությանը:

«Բելմեի ծերանոցներից մեկում վարակի բռնկում է տեղի ունեցել կորոնավիրուսի բրիտանական B.1.1.7 տարբերակով: Մուտացիան հայտնաբերվել է 14-ի օրգանիզմում՝ չնայած հունվարի 25-ին բոլոր բնակիչները ստացել են երկրորդ պատվաստումը»,- նշված է հաղորդագրությունում:

Ծերանոցի բոլոր բնակիչները, ինչպես նաև աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները կարանտինում են:

Օսնաբրյուկի շրջանի ներկայացուցիչ Բուրխարդ Ռիեպենհոֆի խոսքով, բոլոր վարակվածներն ունեցել են հիվանդության առանց ախտանիշների կամ թեթև ընթացք, ինչը, ըստ բժիշկների, կարող է պայմանավորված լինել պատվաստումների ազդեցությամբ:

Նշվում է, որ այժմ Եվրամիությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութեր՝ Pfizer ամերիկյան դեղագործական հսկայից և BioNTech գերմանական ստարտափից, Moderna-ն, ինչպես նաև AstraZeneca-ի դեղամիջոցը, որը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի հետ համատեղ: