Իրանը Ռուսաստանին բողոքի նոտա է հղել

Թեհրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարության կողմից «Արաբական ծոց» արտահայտությամբ հրապարակում անելու կապակցությամբ: Լուրը հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով IRNA գործակալությանը:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն պարզաբանել է, որ Ռուսաստանի արտգործնախարարության թվիթերյան արաբալեզու գրառումներից մեկում «Պարսից ծոցի» փոխարեն նշվում է «Արաբական ծոց» անվանումը:

«Մոսկվայում մեր երկրի դեսպանության միջոցով բողոքի նոտա է ուղարկվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն»,- ասել է Խաթիբզադեն:

«ՌԻԱ նովոստի»-ն հստակեցնում է, որ Իրանը ջրային այդ տարածքի անունը ճանաչում է բացառապես «Պարսից ծոց» անվանմամբ և չի ընդունում «Արաբական ծոց» կամ միայն «Ծոց» անունները, քանի որ դրանք համարում է պատմական անվանը չհամապատասխանող: