Իրանում ռուսական «Սպուտնիկ V» դեղամիջոցով պատվաստումները կմեկնարկեն փետրվարի 9-ին

Իրանը կսկսի COVID-19-ի դեմ պատվաստումները երեքշաբթի՝ փետրվարի 9-ին, հայտնարել է երկրի առողջապահության նախարար Սայեդ Նամակին, հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նախարարը հայտնել է, որ պատվաստվելու համար առաջնահերթ խմբերում են բժիշկները և բուժքույրերը, որոնք աշխատում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Նամակին հայտարարել է, որ Իրանն ընտրել և ներկրել է նվազագույն վնասակար պատվաստանյութերից մեկն ամենահուսալի դեղամիջոցները գնահատելուց հետո:

Իրանն ի սկզբանե պնդել է, որ կներկրի պատվաստանյութը միայն այն դեպքում, եթե այն արդեն փորձարկված լինի երրորդ փուլում մարդկանց վրա, մինչդեռ տարածաշրջանի որոշ երկրներ դա չեն արել, ասել է նախարարը:

Իրանը նաև ձեռք է բերել COVAX  ծրագրի շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 16,8 միլիոն դեղաչափ 8,4 միլիոն մարդու պատվաստելու համար, ասել է նա՝ նշելով, սակայն, որ դեռևս անհրաժեշտ է գնել ավելի մեծ քանակությամբ պատվաստանյութ:

Նա հավելել է, որ Իրանը ստացել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: