Բարոյական չէ, ուրիշի հաշվին PR անել է դա. Գորիսի փոխքաղաքապետը` Ավինյանի հայտարարության մասին

Կառավարությունը չի ֆինանսավորում Շուռնուխում առանձնատների կառուցումը եւ կապ չունի այդ ծրագրի հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը` հերքելով Տիգրան Ավինյանի այն  գրառումը, որ իր պայմանավորվածության համաձայն արդեն մեկնարկել է Շուռնուխում առանձնատների կառուցումը:

«Նոյեմբեր ամսվանից են դեռ բարերարները եկել, գնացել, ասել` ինչ են ուզում կառուցեմ, իսկ Ավինյանի այցը դրա հետ կապ չունի ընդհանրապես, դա ուրիշի հաշվին PR անել է, ուրիշ բան չկա, կարող եմ ասել, որ դա բարոյական չէ: Բարերարների միջոցների շնորհիվ առանձնատներ կկառուցվեն, իսկ համայնքային միջոցներով բազմահարկ շենք կկառուցվի»,-ասաց փոխքաղաքապետը` նշելով, որ նախատեսում են հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը:

Հովսեփյանի խոսքով` բազմահարկ շենքում նպատակ ունեն վերաբնակեցնել Արցախում տները կորցրած քաղաքացիներին:

«Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերը վերաբնակեցնենք, ավելի շատ բնակիչներ ունենանք, քանի որ մեր անվտանգության միակ երաշխիքն է»,-ասաց նա:

Մենուա Հովսեփյանը նշեց, որ մարզի սահմանամերձ մասերում այս պահին հարաբերական անվտանգ է:

Նշենք, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը օրեր առաջ այցելե էր Սյունիքի մարզ, հանդիպել Շուռնուխի բնակիչների հետ եւ ֆեյսբուքյան գրառում կատարել. «Բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվեցինք`բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն: Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը»:

Երեկ էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր, որ արդեն մեկնարկել է շինարարությունը Շուռնուխում, ինչին Գորիսի համայնքապետարանից արձագանքել էին, որ բարերարների աջակցությամբ են կառուցվում առանձնատները: