Արցախ է վերադարձել 52278 մարդ

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 47 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52278 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 54 հա տարածք, 37 կմ ճանապարհ, 34 բնակելի շինություն, հայտնաբերվել և ոչնչացման նպատակով դուրս է բերվել 128 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1133.3 հա տարածք, 317 կմ ճանապարհ, 1121 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24142 պայթյունավտանգ առարկա: