Ավերված տնտեսությունն ու սովն ավելի մեծ թշնամի են, քան համավարակը. Թբիլիսիում քաղաքացիները դուրս են եկել փողոց

Վրաստանի մայրաքաղաքում քաղաքացիներն ակցիա են իրականացնում՝ պահանջելով վերացնել կորոնավիրուսի համաճարակի պատճառով սահմանված բոլոր սահմանափակումները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նշվում է, որ հերթական բողոքի ակցիային մասնակցում են գործարար հատվածի, տուրիստական գործակալությունների, ռեստորանների և սրճարանների, հասարակական կազմակերպությունների, ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ քաղաքացիներ:

«Եթե դուք համավարակի պատճառով չեք աշխատել, եթե ձեր եկամտի աղբյուրը խլել են ձեզանից, եթե ձեր կրթության իրավունքը խլել են, եթե ձեր երեխայի մանկապարտեզ գնալու հնարավորությունը խլել են, եթե դուք կորցրել եք ձեր ազատությունը, ձեր բիզնեսը, տեղաշարժվելու իրավունքը, ապա միացեք մեզ։ Կարծում ենք, որ ավերված տնտեսությունն ու սովն ավելի մեծ թշնամի են, քան համավարակը։  Դո՛ւրս եկեք փողոց, միացե՛ք մեզ»,- ասում են ակցիայի կազմակերպիչները։

Կազմակերպիչները նախատեսում են այսօր երեկոյան լայնածավալ երթ անցկացնել Թբիլիսիի փողոցներով և դրանով խախտել տեղաշարժի սահմանափակման կանոնը, որը գործում է 21.00-ից 05.00-ն:

Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը աստիճանաբար վերացնում է այն սահմանափակումները, որոնք ավելի վաղ մտցվել էին՝ համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Այնուհանդերձ, արգելքների վերացումը չի տարածվում բոլոր ոլորտների վրա: Երկրի ամբողջ տարածքում երկուշաբթի օրը բացվելու են բացօթյա ռեստորանները, իսկ մեկ շաբաթ անց կվերաբացվեն հասարակական տրանսպորտը և դպրոցները: