Դանիել Իոաննիսյանը տարածել է զրպարտող տեղեկություն. Դատարանը պարտավորեցրել է հերքել այն

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ՀՀ մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանին՝ նրա վերաբերյալ տարածելով հերյուրանքներ։ Սա փաստվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Երեմ Եսոյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանի հայցադիմումն՝ ընդդեմ Դանիել Իոաննիսյանի՝ արձանագրելով, որ նրա տարածած տեղեկությունները զրպարտություններ են։

Ավելի վաղ »Փաստինֆո»-ն գրել էր, որ Բաբկեն Ղազարյանը 2019թ մայիսի 31-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դանիել Իոաննիսյանի՝ պահանջելով հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները և փոխհատուցել նյութական վնասը։ Հայցադիմումի պատճառ են դարձել Դանիել Իոաննիսյանի կողմից նույն թվականի մայիսի 22-ին հնչեցված հայտարարությունները, որոնցով Ղազարյանի վերաբերյալ տարածվել են կեղծ տեղեկություններ՝ արատավորելով նրա պատիվն ու արժանապատվությունը։ Իոաննիսյանը, մասնավորապես, նրան ներկայացրել էր որպես քրեական հեղինակություն՝ ասելով. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն` անուն-ազգանուները ես չգիտեմ, մականուններով են ասում՝Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում…»։

Տվյալ հայտարարությամբ՝ նա փորձել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել քրեական տարրերի հետ համագործակցելու մեջ, ուստիև որպես քրեական հեղինակություն էր ներկայացրել Բաբկեն Ղազարյանին։ Ա.Վանեցյանը՝ ժամանակին հաստատել էր, որ Ղազարյանին ճանաչում է՝ արձանագրելով, որ նա ՊԵԿ-ի մաքսային ծառայության գնդապետ է, աշխատել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար և Բաբկեն Ղազարյանի հետ շփումը եղել է ի պաշտոնե:

Դատարան ներկայացված հայցադիմումով Բ. Ղազարյանը նշել է, որ նախ 2003թ. ավարտել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը՝ ստացել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դասատուի, ըմբշամարտի մարզչի որակավորում, այնուհետև սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 2009 թվականին՝ ստանալով իրավաբանի որակավորում, իսկ ավարտել է Ռուսաստանի մաքսային ակադեմիան: 2017թ. հայցվորին գերազանց և բարեխիղճ ծառայության համար շնորհվել է մաքսային ծառայության գնդապետի հատուկ կոչում, արժանացել տարբեր պարգևների։

Ըստ Բ. Ղազարյանի՝ իր վերաբերյալ տարածելով կեղծ տեղեկություններ՝ Դանիել Իոաննիսյանն արատավորել է ի պատիվն ու արժանապատվությունը։ Դատական նիստում վերջինս չի կարողացել ներկայացնել որպես ապացույց իր հայտարարությունները հիմնավորելու համար։

Դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 24-ի վճռով հաստված է համարել, որ 2019թ. մայիսի 22-ին «Մեդիա Կենտրոնում» «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ու՞մ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ Դանիել Իոաննիսյանը հրապարակայնորեն զրպարտել է հայցվորին՝ անվանելով քրեական հեղինակություն և պատասխանողի հայտարարությունը լայնորեն տարածվել է հանրության լայն շրջանակներում։ Դատարանն արձանագրել է, որ խոսքի ազատության շրջանակը վերջանում է, երբ ատելության խոսքը սկսվում է, երբ այն վիրավորական է և չի նպաստում հանրային քննարկմանը:

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով Դանիել Իոաննիսյանը պարտավորեցվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայությամբ հերքել Բաբկեն Ղազարյանի վերաբերյալ հայտնած տեղեկությունը և հրապարակել հերքման տեքստը հետևյալ բովանդակությամբ.

«Հերքում

Ես՝ Դանիել Իոաննիսյանս, հերքում եմ 2019թ. մայիսի 22-ին Մեդիա Կենտրոնում «Ազգային անվտանգության ծառայության դերն ու նշանակությունը. ի նպաստ ու՞մ է օգտագործվում վարչական ռեսուրսը» թեմայով քննարկման ժամանակ, ինչպես նաև 2019թ. մայիսի 25-ին www.livenews.am կայքի լրագրողին տված հարցազրույցի ընթացքում հայտնածս տեղեկությունները, որոնք վերաբերվել են Բաբկեն Աշոտի Ղազարյանի՝ քրեական հեղինակություն հանդիսանալուն, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ սերտ համագործակցությանը և հայտնում եմ, որ դրանք կեղծ, իրականությանը չհամապատասխանող տվյալներ են»: