Գունավոր հեռուստացույցի հայրը. այսօր Հովհաննես Ադամյանի ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ հայ ճարտարագետ և մեծագույն գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանի ծննդյան օրն է:

Ճարտարագետ-գյուտարարը ծնվել է 1879 թ. փետրվարի 5-ին՝ Բաքվում: Նրա հայր Աբգարը նավթարդյունաբերող էր և դեռ դպրոցական հասակից էր նկատել, որ որդին չափազանց հետաքրքրասեր է, ունի պրպտուն միտք ու զբաղմունքների լայն շրջանակ:

Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծում է լաբորատորիա և կատարում մի շարք գյուտեր (1908 թվականին առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։

1913 թվականի վերջերին Ադամյանը տեղափոխվում է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատում Պետրոգրադում (Լենինգրադ) մինչև 1932 թվականը։ Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծում է լաբորատորիա և շարունակում գիտական փորձերը։ Այս ժամանակահատվածում նա ստանում է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։

Նրա գյուտերը արտոնագրեր են ստանում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում: 1918 թ. ստեղծում է Ռուսաստանում առաջին սարքը, այն ցուցադրում էր սև ու սպիտակ պատկերներ, ինչը աննախադեպ քայլ էր այս ոլորտում: 1925 թ. նա արտոնագրում է գունավոր (եռագույն) հեռուստատեսության հաջորդ համակարգի առաջին նախագիծը՝ անլուսաթափանց արգելքի միջով տեսնելու սարքը, որի գունանջատումն ու գույների միախառնումն ապահովող բարեփոխված սկավառակը հայտնի է «Ադամյանի սկավառակ» անվամբ: Նույն տարում Երևանի համալսարանի հատուկ լաբորատորիայում գյուտարարը պատրաստում, ցուցադրում և գործողության մեջ է դնում «Հեռատես» եռագույն պատկերող սարքը:

Ադամյանի եռագույն հեռուստատեսության սկզբունքն առաջին անգամ կիրառվում է Մեծ Բրիտանիայում՝ 1928 թվականին:

1941-1951 թթ. ամերիկյան «Կոլումբիա» ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարում է փորձնական ցուցադրում, այնուհետև այդ համակարգն ընդունվում է որպես կայուն համակարգ և կիրառվում գունավոր պատկերների հաղորդման համար:

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով. տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների, սիրում էր շախմատ խաղալ, ջութակ նվագել, գեղանկարչությամբ զբաղվել: Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որով հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է այն։