«Բա որ բանակ չենք ունեցել, 2016 թ․ Սերժ Սարգսյանն Ալիևին ինչպե՞ս է կզացրել, ինչպե՞ս էին հայտարարում՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»». Շարմազանով․168.am

ԱԺ իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանը փետրվարի 3-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել:

«Ստացվում է, որ մենք էլ բանակը զրոյական կետից ենք սկսել կառուցել, մենք 30 տարի բանակ չենք ունեցել: Մենք բանակ ենք ունեցել, որի մարտունակությունը 30 տարվա ընթացքում ավելի բարձր է գնահատվել նախկին իշխանության կողմից, քան թե փորձը ցույց տվեց, որ ինքը գոյություն ունի: Դուք ասում եք՝ իշխանությունը հանձնեց Արցախը, ես էլ ասում եմ, որ ռազմական պարտության ընթացքում կորցրեց իր որոշ մասը»,- ասել էր պատգամավորը։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս հայտարարության հետ կապված հետևյալ հարցերը բարձրացրեց.

«Բա որ 30 տարի բանակ չենք ունեցել, ինչպե՞ս ենք Շուշին ազատագրել, Արցախի 7 շրջաններն ինչպե՞ս ենք ազատագրել, բա որ բանակ չենք ունեցել, 2016 թվականին Սերժ Սարգսյանն Ալիևին ինչպե՞ս է կզացրել, ինչպե՞ս էր Ալիևը մղկտալով ասում, իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Կամ` հուլիսյան դեպքերի ժամանակ Նիկոլն ինչպե՞ս  71 մարտական խաչ տվեց, բա որ բանակ չունեինք, ո՞ւմ տվեց, ինչպե՞ս էին հայտարարում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ: Գոնե մտածեն, նոր խոսեն այդ անմեղսունակները»։

Հարցին՝ իշխանության տարբեր ներակայացուցիչներ բանակի վերաբերյալ նման հայտարարությունները գիտակցաբա՞ր են անում, թե՞ պարզապես չեն գիտակցում, Է. Շարմազանովը պատասխանեց՝ միանշանակ գիտակցաբար են անում։ Եվ մանրամասնելով դրա պատճառահետևանքային կապերը՝ նա նախ հիշեցրեց, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանի բառապաշարում ազգայինի վերաբերյալ որևէ բան չի եղել։

«Ցանկացած մարդ, որը գալիս է իշխանության, պետք է նայի, թե պետության համար կարևոր հարցերը որոնք են։ Պետք է կանչի Ազգային անվտանգության ծառայության պետին, Արտգործնախարարին, որպեսզի ծանոթացնեն անվտանգային փաթեթին։ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ Էդվարդ Նալբանդյանի հետ չի հանդիպել, փոխարենը՝ գնացել է Դուշանբե ու Ադրբեջանի նախագահից ճշտել բանակցային  գործընթացը, որից հետո հպարտությամբ իր անմեղսունակներին ասում էր, թե Ալիևի հետ լավ զրույց է ունեցել, որն էլ իրեն ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները։ Այ անմեղսունակ, եթե դու բանակցային գործընթացի մասին քո թշնամուց ես իմանում, նա քեզ ի՞նչ պետք է ասի, պետք է ասի այն, ինչն իրեն ձեռնտու է։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ուլտիմատում ներկայացրեց Մինսկի խմբի համանախագահներին, որ եթե Արցախը չդառնա բանակցությունների կողմ, որևէ բանակցություն չի լինի։ Մեր դիրքերն աստիճանաբար թուլացրեց։ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որը մեր հաղթանակն էր, փոխարինեց Դուշանբեի կասկածելի վերելակով»,- նշեց նա։

Շարունակելով՝ Էդուարդ Շարմազանովը նաև ասաց, որ Դուշանբեից հետո Նիկոլ Փաշինյանը թշնամուց ժամանակ խնդրեց, որպեսզի խորհրդարանում հանրապետականներից ազատվի, հիշեցրեց նաև, որ հեղափոխությանը հետևած մեկ տարին ադրբեջանական մամուլը Նիկոլ Փաշինյանի քարոզիչն էր, գրելով, որ վերջապես «արցախյան կլանից» ազատվեցին։

«Խորհրդարանում նույն բառերն իմքայլականները մեզ էին ասում, ինչը կրկնում էին նաև Ադրբեջանում։ Նիկոլն ասում էր՝ այ, որ Շարմազանովը չլինի, Հայաստանում ներդրումներ կլինեն, ներգաղթ էլ կլինի, ոչխարներն ու կովերը հեղափոխական տեմպերով կարտահանվեն Իրան, և այլն։ Ուշադրություն՝ 2019 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Մամեդյարովը հայտարում էր, թե տարին կառուցողական լուծումների տարի է լինելու։ Հարցնում էինք, թե վեց ժամ ի՞նչ էիք բանակցում, պատասխանում էին՝ ոչինչ։ Բանը հասցրեցին այնտեղ, որ Ստեփանակերտում Նիկոլը հայտարարեց՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», որն արժանացավ Ալիևի քննադատությանը։ Այսքանից հետո հուլիսյան դեպքերն էլ սարքեց երրորդ համաշխարհային պատերազմ։ Այս ամենից հետո Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցեց, Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեց, երեք գեներալ գնդապետների նկատմամբ քրեական գործ հարուցեց, բանակի բոլոր գեներալներին անվանեց սերմացու գողացողներ։ Պետության համար կռվող ազգային ուժին փչացրեց, մյուս կողմից էլ՝ բանակից բոլոր ուժեղ գեներալներին հեռացրեց»,- շեշտեց նա։

Այս համատեքստում Է. Շարմազանովը հիշեցրեց Լևոն Մնացականյանի և Սամվել Կարապետյանի օրինակը, որոնք հեռացան Պաշտպանության բանակից, և այդ ամենը՝ Նիկոլ Փաշինյանի վարած գործողությունների պատճառով։

«Այսքան քայլերի մեջ ինչո՞ւ Նիկոլը որևէ ճիշտ քայլ չարեց, պատահականությո՞ւն է, որ Շուշիին ասում են՝ Շուշա, մեկն ասում է, թե 30 տարի բանակ չենք ունեցել։ Այսինքն՝ սրանք ինչ ասում են, պատահական չէ։ Ես միշտ ասել եմ, որ հեղափոխությունն ունեցել է երկու նպատակ՝ ազգային իշխանության հեռացում, Արցախի հարցի հակահայկական լուծում, և երրորդը շուտով կլինի, եթե այսպես շարունակվի՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոչնչացում»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։