Թուրքական լրտեսական ինքնաթիռները զորավարժությունների ընթացքում 31 անգամ խախտել են Հունաստանի օդային սահմանները

Թուրքական ռազմաօդային ուժերը խախտել են Հունաստանի օդային սահմաններն այն ժամանակ, երբ չորս Rafale կործանիչներ մասնակցել են Էգեյան ծովում անցկացված Skyros 2021 զորավարժություններին, հայտնել է հունական Proto Theme լրատվականը:

Չորս թուրքական CN-235 լրտեսական ինքնաթիռներ թռիչք են կատարել Էգեյան ծովի վրայով և 31 անգամ ներխուժել Հունաստանի օդային տարածք՝ չորս անգամ խախտելով Աթենքի թռիչքների տեղեկատվական շրջանի օդային երթևեկության կանոնները:

Թուրքական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Էգեան ծովի հյուսիսարևելյան, կենտրոնական և հարավարևելյան շրջաններում և, ըստ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի, օդային սահմանների խախտման բոլոր դեպքերը հայտնաբերվել են և կասեցվել:

Զորավարժությունները սկսվել են երեքշաբթի ու ավարտվելու են ուրբաթ: Բացի ֆրանսիական Rafale ինքնաթիռներից, Skyros 2021 զորավարժությանը մասնակցում են նաև 114th Battle Wing ինքնաթիռները՝ Mirage 2000 և F-16 կործանիչներով, ինչպես նաև երկու A400M Atlas և Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի A330 MRTT ինքնաթիռները: