Թոմաշ Լեխ Բուչեկը դիմել է Ջո Բայդենին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրանքով

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին.

«Հարգելի պարոն Նախագահ,

Ես գրում եմ ձեզ, առաջին հերթին, որպես հասարակ մարդ, Լեհաստանի քաղաքացի, որը  պատահաբար ծնվել է հուլիսի 4-ին`Միացյալ Նահանգների պատմության համար այդքան առանձնահատուկ օրը:

Ես պայքարում եմ  ճշմարտության համար: Արցախը, որը պայքարում էր անկախության համար, հայկական սուրբ հողի մի փոքրիկ կտոր է:

Փետրվարի 3-ին Ստեփանակերտից հայ մայր տիկին Արմինեից ստացա մի շատ անձնական նամակ: Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ նա կորցրել է իր որդուն և ամուսնուն, իսկ կրտսեր որդին՝ 19 տարեկան, գերի է ընկել և բանտարկված է Ադրբեջանում: Այս նամակում նա ասում էր, որ սա իր համար մեծ հույս է, քանի որ որպես հասարակ կին չգիտի՝ ում դիմել օգնության համար:

Հետո հիշեցի նախագահ Աբրահամ Լինքոլնի մխիթարական նամակը ուղղված Բիքսբիին: Նամակում, որը գրել էր  նախագահ Աբրահամ Լինքոլնը, գրված էր 1864 թվականի նոյեմբերին Լիդիա Փարքեր Բիքսբիին՝ այրի մի կնոջ, որը բնակվում էր Բոստոնում, Մասաչուսեթսում, որը կորցրել էր իր հինգ որդիներին Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ:

«Սիրելի տիկին,

Պատերազմի դեպարտամենտում ինձ ցույց են տվել Մասաչուսեթսի գեներալ-ադյուտանտի հայտարարությունը, որ դուք հինգ որդիների մայր եք, ովքեր փառահեղ զոհվել են ռազմի դաշտում:

Ես զգում եմ, թե որքան թույլ և անպտուղ պետք է լինի իմ ցանկացած խոսք, որը պետք է փորձի մխիթարել ձեզ այդքան ծանր կորստի վշտից: Բայց ես չեմ կարող ձեռնպահ մնալ այն հանգամանքից, որ նրանք զոհվել են հանրապետությունը փրկելու համար:

Ես աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրը կարողանա մեղմացնել ձեր ցավը և թողնել ձեզ միայն սիրելիի և կորցրածի նվիրական հիշողությունը, և այն հպարտությունը, որը պետք է լինի ձեզ հետ, քանի որ այդքան թանկ զոհեր մատուցեցիք ազատության զոհասեղանին:

Հարգանքներով՝ Աբրահամ Լինքոլն»:

Ես պատասխանեցի տիկին Արմինեին՝ մեջբերելով այս նամակը, և մեկ նախադասություն ավելացրեցի. միայն մեկ, որ ես ամեն ինչ կանեմ Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին ազատելու համար:

Քսանմեկերորդ դարում աշխարհը չի կարող ընդունել մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը` կապված նրանց արժանապատվության հետ: Աշխարհը պետք է քայլեր ձեռնարկի՝ ազատելու Ադրբեջանում բանտարկված հայ ռազմագերիներին:

Այս նամակին ես կցում եմ ապացույցների վրա հիմնված իմ հրապարակումը՝ Ղարաբաղում 2020-ի հայերի դեմ ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ:

Հարգանքներով՝ Ձեր Թոմաշ Լեխ Բուչեկ»: