Գողություն` «Հայրենիք» ընդդիմադիր կուսակցության խորհրդի անդամ Ժասմեն Ասրյանի բնակարանից

Ուշագրավ է, որ գողերին թերևս ավելի շատ հետաքրքրել են «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Ասրյանի համակարգիչն ու հեռախոսները, իսկ գողողնի մնացած մասը, հնարավոր է, տարել են իրենց բուն նպատակը քողարկելու համար:

Գողությունը կատարվել է փետրվարի 1-ին: Տիկին Ասրյանի պատմելով, տանից դուրս եկած վերջին անձը եղել է իր դուստրը, որը բնակարանից դուրս է եկել մինչև ժամը 11-ը: Ինքը` Ժասմեն Ասրյանը, վերադարձել է ժամը 16-ի կողմ, տեսել է, որ դռան փականը բաց է, ներս մտնելով, զարմանքով տեսել է տան իրերի մի մասը տեղահանված, թափված գետնին, իր և աղջկա սենյակը` տակնուվրա արված:

«Գողացել են իմ համակարգիչը, երկու հեռախոսները, որոնցից մեկը` թանկարժեք, և այլ արժեքավոր իրեր,- մեզ հետ զրույցում ասաց Ժասմեն Ասրյանը:- Կարծում եմ, հիմնական նպատակը եղել է համակարգիչը և հեռախոսները տանելը»:

Հայտնաբերելով գողության փաստը, տիկին Ասրյանը դիմել է ոստիկանություն, ոստիկանները եկել են, շատ հոգատար վերաբերմունք դրսևորել, ուսումնասիրել բնակարանը, կատարել համապատասխան գործողություններ, այդ թվում նաև հարցաքննել իրեն, հարևաններին հանդիպել, կազմել արձանագրություն ու գնացել: Կատարվում է քննություն: