Ավարտե՛ք ձեր խաղը, Արևմուտքի պարոնայք, Ռուսաստանը կրկին շահել է. Խաղադրույք կատարելով Նավալնու վրա՝ դուք պարտվել եք. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին այն կարծիքին է, որ Արևմուտքը «պարտվել է»՝ խաղադրույք կատարելով ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու վրա: Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում:

«Պարոնա՛յք, պարտվել եք: Դուք խաղադրույք եք կատարել Գրիգորի Յավլինսկու («Յաբլոկո» կուսակցության առաջնորդ), Բորիս Նեմցովի («ՌՊՌ-ՊԱՌՆԱՍ» կուսակցության համանախագահ, ռուսաստանյան ընդդիմության համակարգող խորհրդի նախկին անդամ), Միխայիլ Խոդորկովսկու («ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության համահիմնադիր ու ղեկավար, «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպության նախագահ), իսկ այժմ էլ Նավալնու վրա, իսկ վաղն էլ խաղադրույք կանեք Ալեքսանդր Գուդկովի (դերասան, Comedy Woman ծրագրի մասնակից և ստեղծագործական տնօրեն, «Երեկոյան Ուրգանտ» շոուի մասնակից) վրա: Բայց այս բոլորն ուղղակի պարտված խաղաքարտեր են: Դուք  դարձյալ մոռանում եք, թե ով է ազատագրել Եվրոպան Մոնղոլական կայսրության հիմնադիր Չինգիզ խանի հորդաներից, ով է ազատագրել Բեռլինը: Դուք ցանկություն չունեք ճիշտ պատմական եզրակացություններ անելու»,- շեշտել է նա:

Միևնույն ժամանակ, Ժիրինովսկին խորհուրդ է տվել «չանցնել կարմիր գիծը»:

«Մոսկվան երբեք չի լինի Կիև-2, ոչ մի մայդան, նարնջագույն կամ մոխրադարչնագույն հեղափոխություն, ու Նավալնին ձեզ չի օգնի»,- ընդգծել է նա ու հավելել, որ «Ռուսաստանը բերդ է»:

Բացի դրանից, քաղաքական գործիչը խորհուրդ է տվել Արևմուտքին «հավաքել իրեն» և դադարեցնել «աշխարհի ամենամեծ պետության դեմ ինտրիգները»:

«Ավարտե՛ք ձեր խաղը, Արևմուտքի պարոնա՛յք, Ռուսաստանը կրկին շահել է: Դուք պարտվել եք փետրվարի 2-ին, ճիշտ այնպես, ինչպես դուք պատվեցիք Ստալինգրադի ճակատամարտում 1943 թ. փետրվարի 2-ին: Դա շրջադարձային պահ էր, մեծ պատերազմ էր, իսկ հիմա էլ գաղափարական մարտում եք պարտված: Ամո՛թ ձեզ»: – եզրափակել է նա:

Օրերս Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնու պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնուն: Գործչին ազատ արձակելու առնչությամբ կոչերով էին հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:

ՌԴ ԱԳՆ-ը ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտադիր չէ ականջալուր լինել Նավալնու առնչությամբ արտերկրից հնչող հայտարարություններին: