Գյումրու թիվ 25 դպրոցի ծնողները արգելեցին նորանշանակ տնօրենի մուտքը դպրոց

Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ Իրինա Բաղդասարյանը նշանակվել է Գյումրու թիվ 25 դպրոցի տնօրեն փետրվարի 3-ից՝ 5 տարի ժամկետով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, փետրվարի 4-ին  մարզային կառույցի ներկայացուցիչները նորանշանակ տնօրենին պետք է ներկայացնեին մանկավարժական հանրույթին, սակայն դպրոց մուտք գործել հաջողվեց միայն նրանց: Չնայած դպրոցի մուտքի մոտ եկած ոստիկաններին, նորանշանակ տնօրենին այդպես էլ չհաջողվեց մուտք գործել դպրոց:

Դեռ նախորդ տարվանից դպրոցի աշխատակազմը եւ ծնողները մինչեւ այսօր դեմ են Իրինա Բաղասարյանի պաշտոնավորմանը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանից խնդրում, պահանջում են ընդունելի որոշում։

«Մենք տարբեր ատյաններ ենք դիմել ու պահանջել արդար որոշում՝ ունենալով մի քանի հիմք. նախ այն, որ ընտրության ժամանակ մեր դպրոցի թեկնածուն ավելի շատ ձայներ էր հավաքել, ինչպես նաև Իրինա Բաղդասարյանի մասին իր նախկին աշխատավայրի կարծիքը: Մենք չենք ուզում, որ նման անձնավորությւնը գա ու ղեկավարի քաղաքի լավագույն դպրոցը»,- նշեց ծնող Հասմիկ Սահրադյանը՝ վստահեցնելով, որ իրենց նախաձեռնության հետ մանկավարժական հանրույթը կապ չունի, դասադուլն իրենց որոշումն  է, և այն կշարունակեն այնքան ժամանակ, որքան կպահանջվի:

Ծնողները նշեցին, որ կշարունակեն դասադուլը՝ հաշվի չառնելով տնօրենի աշխատանքային պայմանագիրը:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նորանշանակ տնօրենը վստահեցրեց՝  չնայած ստեղծված իրավիճակին, ինքը հրաժարական չի տա:

«Եթե ոչ այսօր, ապա վաղը մուտք կգործեմ դպրոց»,- նշեց Իրինա Բաղդասարյանը: Անդրադառնալով կադրային ջարդի մասին լուրերին, դրանք հերյուրանք  համարեց, իսկ որպես դպրոցի զարգացման հեռանկար նշեց մթնոլորտի փոփոխությունը:

Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ չհերքեց, որ աշակերտների դասի չներկայանալը մտահոգիչ է, բայց իրենք իրականացնում են գործառույթներ օրենքին համապատասխան: