Բայդենը պատրաստ է Պուտինի հետ անձամբ քննարկել երկրների միջև առկա հակասությունները

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուզում է Ռուսաստանի հետ համագործակցել մի շարք ոլորտներում, սակայն միաժամանակ պատրաստ է դիմակայել Մոսկվային։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, գրում է Pledge Times-ը։

Նրա խոսքով՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունվարի 26-ի հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ կան ոլորտներ, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համագործակցել:

«Այնուհանդերձ, նախագահը մտահոգված է տարբեր հարցերով՝ ընտրություններին միջամտությամբ, կիբերհարձակումներով, Աֆղանստանում ամերիկացի զինվորականներին սպանելու համար գումար տրամադրելու մասին խոսակցություններով։ Բայդենը նույնիսկ պատրաստ է Պուտինի հետ անձամբ քննարկել այդ հակասությունները»,- նշել է Փսակին:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաև հայտնել է, որ Բայդենն ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների հետ քննարկել է Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը, ինչպես նաև ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցը։

Խոսելով Պեկինի հետ Վաշինգտոնի երկխոսության մասին՝ Փսակին նշել է «Չինաստանի հետ հարաբերությունների շուրջ մոտեցումները համաձայնեցնելու համար դաշնակիցների և գործընկերների հետ աշխատելու անհրաժեշտությունը»: