Լրագրող Նաիրի Հոխիկյանը դատի է տվել Դանիել Իոաննիսյանին

Լրագրող Նաիրի Հոխիկյանը դատական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ՝ իրեն զրպարտելու և վիրավորելու համար։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։ Հայցի պատճառ է հանդիսացել Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս լրագրողին մեղադրել է ստեր տարածելու մեջ և վիրավորել նրան.

«Քիչ առաջ ստորագրեցի Հ1-ի լրագրող ու Ֆեյսբուքում բազմապիսի ստեր (այդ թվում՝ քրոջս մասին) տարածող Նաիրի Հոխիկյանի, ինչպես նաև «Շիզոլինի» մականունով հայտնի Արտյոմ Խաչատրյանի գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումները:

ՀՀ Դատախազությունն ու ԱԱԾ-ն պետք է ուսումնասիրեն այդ անձանց գրառումները և քրեական հետապնդում սկսեն իրենց նկատմամբ: Էշ-էշ դուրս տալը չպետք է անցնի քրեական օրենսգրքով արգելված սահմանները»,–գրել էր Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս այս կերպ արձագանքել էր Հոխիկյանի՝ ավելի վաղ արված ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ լրագրողը Արցախում պատերազմական թեժ օրերի վերաբերյալ մի դրվագ էր պատմել՝ կապված Իոաննիսյանի մտերիմի (ավելի ուշ պարզ դարձավ, որ նրա քույրն է) վերաբերյալ։ Մասնավորապես «Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի․ մաս 7» վերատառությամբ գրառման մեջ Հոխիկյանը պատմել էր հոկտեմբերի 17-ի երեկոյան իրենց ապաստարան եկած մի անծանոթ աղջկա մասին, որն ըստ լրագրողի՝ ձեռքում պահել էր սմարթֆոնն այնպես, ինչպես ինչ-որ բան նկարելիս են պահում, ապա այնպիսի հարցեր է տվել, որոնք այնտեղ գտնվողների մոտ կասկածներ են հարուցել։ Արդյունքում աղջկան ուղեկցել են շտաբ, որտեղ նրան հարցաքննել են։ Ըստ Հոխիկյանի պատմածի՝ աղջիկը, որը հրաժարվել է ներկայանալ, նախ հայտարարել է, թե Արցախ է եկել կամավորների հետ, ապա նշել, թե ինքը լրագրող է և նպատակ ունի լուսաբանել պատերազմը, հետո լրիվ այլ պատճառաբանություն նշել։ Այնուհետև ըստ Հոխիկյանի՝ շտաբում ստիպված են եղել հրավիրել Արցախի ԱԱԾ աշխատակիցների, որպեսզի պարզեն, թե ում հետ գործ ունեն։ «Եկան Արցախի ԱԱԾ երկու աշխատակիցներ։ Աղջկա հեռախոսի մեջ բացահայտվեցին մեծ թվով լուսանկարներ, որոնցում երևում էին ռազմավարական օբյեկտներ, շինություններ»,–գրել էր Հոխիկյանը՝ վստահ լինելով, որ դրա համար աղջկան գուցե անգամ մեկուսացրած լինեին, սակայն ավելի ուշ նրան տեղեկացրել են, որ «այդ աղջիկը այնպիսի մարդու մտերիմն էր, որ Երևանից հրահանգեցին անհապաղ բաց թողնել»։ Խոսքը Դանիել Իոննիսյանի քրոջ մասին է եղել։

Մեկնաբանելով այս գրառումը, Իոաննիսյանը նշել էր, որ Նաիրի Հոխիկյանը գիտակցված ստեր է տարածում և որ իր քրոջ պահվածքը կասկածելի է թվացել, քանի որ քույրը հրետակոծության տակ է ընկել և վախեցել։ Իոաննիսյանը նաև հերքել էր լրագրողի այն միտքը, թե աղջկա հեռախոսի մեջ մեծ թվով լուսանկարներ են եղել, որոնցում երևում էին ռազմավարական օբյեկտներ, շինություններ։

Այսպիսով Իոաննիսյանը որոշել է հրապարակման հերքերով գնալ և հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Հոխիկյանի դեմ, իսկ վերջինս դիմել է քաղաքացիական գործեր քննող դատարան։

Հոխիկյանը պահանջում է դատարանից ՝ պարտավորեցնել Իոաննիսյանին, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում տրամադրել վիրավորանք հասցնելու համար։

Հոխիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանը NEWS.am–ին հայտնեց, որ  պատասխանողից պահանջելու են օրենքով նախատեսված առավելագույն սահմանաչափով վնասի հատուցում. մասնավորապես՝ 2 մլն դրամ՝ զրպարտության և  1  մլն դրամ՝ վիրավորանքի համար։ Հայցադիմումը երեկ՝ փետրվարի 2–ին ստացել է Երևան քաղաքի դատարանը. գործը մակագրվել է դատավոր Արշակ Պետրոսյանին։