ՄԻԵԴ-ն իր պատմության մեջ ամենաշատ իրավախախտման վճիռները կայացրել է ընդդեմ Թուրքիայի

2020 թվականի արդյունքներով Թուրքիան առաջինն է այն պետությունների շարքում, որոնց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մեղավոր է ճանաչել իրավախախտումների մեջ։ Թեմային անդրադարձել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Սեդաթ Էրգինը։

«Նախորդ շաբաթ ՄԻԵԴ-ը հրապարակել է իր հիմնադրման 1959 թվականից ի վեր կայացված վճիռների վիճակագրությունն ըստ երկրների։ Թուրքիան իրավախախտումների տեսակետից կրկին պահպանել է իր առաջատար դիրքը։

Ընդ որում, եթե հաշվի առնենք, որ Թուրքիան անհատական դիմումները թույլատրել է 1987 թվականին, հետևաբար այդ խախտումները տեղի են ունեցել ընդամենը 34 տարվա ընթացքում», -գրում է հեղինակը։

Ըստ հրապարակված տվյալների՝ ՄԻԵԴ-ը 1987-2020թթ․ Թուրքիայի դեմ ընդհանուր առմամբ 3․742 վճիռ է կայացրել, որոնցից 3․309-ի դեպքում Թուրքիան մեղադրվել է առմվազն մեկ իրավունքի ոտնահարման մեջ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիայի վերաբերյալ վճիռների 88․4 տոկոսի դեպքում այդ երկիրը մեղավոր է ճանաչվել իրավախախտում կատարելու մեջ։

Ուշագրավ է նաև, որ նշված ժամանակահատվածում Թուրքիան ամենից շատ մեղավոր է ճանաչվել արդար դատավարության սկզբունքը խախտելու համար։

Նման գործերի թիվը կազմել է 953։ Դրանցից 608 գործով ՄԻԵԴ-ը նաև եկել է այն եզրահանգման, որ Թուրքիայում դատավարությունները չափազանց երկար են ձգվում։

787 դատական գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Թուրքիան  ոտնահարել է դիմումատուի «ազատության և անվտանգութան իրավունքը»։

688 դեպքում իրավունքների ոտնահարումը վերաբերել է «ունեցվածքի իրավունքին», իսկ 387 դեպքում՝ «խոսքի ազատության իրավունքին»։

ermenihaber