«Երկրի արևելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը գողացվում է». Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար

Սիրիայի արևելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը գողացվում է: Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Բասամ Թուոմանը՝ հանրապետության ժողովրդական խորհրդի նիստի (խորհրդարանի) ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անցյալ տարի Սիրիայում նավթի արդյունահանումն օրական 89 հազար բարելի էր հասնում: Դրանից շուրջ 80 հազար բարել գողացվել է: Այսինքն՝ երկրի արևելքում արդյունահանվող գրեթե ամբողջ նավթը գողացվում է»,- նախարարի խոսքերը մեջբերում է սիրիական Al-Watan պարբերականը:

Ըստ լրատվամիջոցի՝ Սիրիայի Հասեքե, Դեյր-էլ-Զոր և Ռաքքա նահանգների մեծ մասը, որոնք տեղակայված են երկրի արևելյան ու հյուսիսարևելյան շրջաններում, այս պահի դրությամբ վերահսկվում են Սիրիայի քրդական ժողովրդավարական ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱՄՆ-ն: 2015 թվականից ի վեր ամերիկյան հրամանատարությունը տարածքում 9 ռազմաբազա է հիմնել, որոնցից 4-ը տեղակայված են Դեյր-էլ-Զորի նավթահանքերի մոտ, իսկ 5-ը` հարևան Հասեքե նահանգում, որը համարվում է Սիրիայի պահեստարանը:

Հիշեցնենք՝ 2019-ի վերջին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ծրագիր էր հաստատել, ըստ որի՝ մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող կմնա Սիրիայում: Վերջիններիս հիմնական խնդիրներից մեկը կլինի նավթի հանքերի վերահսկողության ապահովումը երկրի հյուսիս-արևելքում և արևելքում: Այնուամենայնիվ,  ԱՄՆ ռազմական ներկայությունը Դամասկոսում ընկալվում է «որպես ապօրինի օկուպացիա, որն ուղեկցվում է սիրիացի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսների թալանով»: