Բոլոր նրանք, որոնք ՌԴ-ի քաղաքավարի վարվելակերպը շփոթում են թուլության հետ, չարաչար սխալվում են. Լավրովը՝ Արևմուտքին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով՝ բոլոր նրանք, որոնք ՌԴ-ի քաղաքավարի վարվելակերպը շփոթում են թուլության հետ, չարաչար սխալվում են: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես ասում են՝ Աստված ոչ թե իշխանության մեջ է, այլ ճշմարտության: Նրանք, որոնք մեր քաղաքավարի բարքերը որպես թուլության նշան են ընկալում չարաչար սխալվում են», – ասել է Լավրովը Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Հուսեյն Աբդուլլա ալ-Սաֆադիի հետ բանակցություններից հետո:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լավրովը հայտարարել էր, որ ԶԼՄ-ների կողմից Ռուսաստանում և Արևմուտքում ցույցերի լուսաբանումը ակնհայտ երկակի ստանդարտներ են պարունակում: Ըստ նրա՝ «լրատվամիջոցները Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս գործնականում ցույց են տալիս միայն ոստիկանության արձագանքը ցուցարարների գործողություններին, իսկ վերջիններիս քայլերը մնում են կուլիսներում»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՌԴ ԱԳՆ-ն ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակը մեկնաբանող օտարերկրյա քաղաքական գործիչներին խորհուրդ էր տվել հարգել միջազգային իրավունքը և զբաղվել իրենց երկրների խնդիրներով: Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը մտադիր չէ ականջալուր լինել Նավալնիի առնչությամբ արտերկրից հնչող հայտարարություններին:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով երեկ չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Գործչին ազատ արձակելու առնչությամբ կոչերով էին հանդես եկել մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: