«Այդ ինչպե՞ս ստացվեց, որ դրսից կարողացան մեր հոգին բացել ու թքել մեր հոգու մեջ». Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Ես ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն, որն անցել է բոլորիս գլխով մի անմեղսունակի պատճառով։ Դրա մեղավորը դարձանք բոլորս, բայց ոչ ինքը, մի անմեղսունակի, որը կործանեց մի ամբողջ աշխարհ, կործանեց մի ամբողջ երկիր, 5000 և ավելի մայրերի դարձրեց «Հայաստան մայրիկ», որ ողբից ավելի շատ երգում են՝ մոռացած իրենց ցավը։ Այս մասին Գյումրիում ընթացող «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքին հայտարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

«Երեսուն տարի շարունակ Արցախ եմ այցելել հպարտի, հաղթող հրամանատարի, հաղթող զինվորի պես, որի մի մազաչափ լուման էլ ես եմ ունեցել: Ամեն անգամ այցելելով Արցախ՝ ես իմ զինակից ընկերներին, որոնց կորցրել եմ մարտադաշտում, միշտ մի բան եմ ասել՝ ափսոս, տղերք, չտեսաք Արցախը։ Սրանից երկու օր առաջ ես եղա Արցախում և մի բան էի ասում՝ երանի ձեզ, տղերք, որ չտեսաք իմ պարտությունը ու նաև ձեր պարտությունը»,-ասաց Մինասյանը։

Նա նշեց՝ խոնարհվում է բոլոր զոհերի առջև, նաև բոլոր նրանց առջև, որոնք այժմ միացել են պետության ղեկավարին հեռացնելու պայքարին։

«Պետությունը պետք է կառավարեն մարդիկ, որոնք ունակ են պետություն կառավարել․ սա սեփական բիզնես չէ, սա պետություն է։ Մենք սերունդներին տալու բան ունենք։ Այդ ինչպես ստացվեց, որ դրսից կարողացան թքել մեր հոգու մեջ, մենք սկսեցինք ատել մեր հերոսներին, մեր զինվորականներին, մեր ժողովրդին, սկսեցինք ատել ինքներս մեզ։ Այդ ինչպե՞ս ստացվեց։ Այդ ինչպե՞ս կարողացան մի ամբողջ ժողովրդի ստել, հայրենադավություն սերմանել մեր մեջ»,- ասաց նա, ապա անդրադարձավ այն հայտարարություններին, թե չենք պարտվել։

«Մենք պարտվել ենք, սրանից երեք տարի առաջ ենք պարտվել, երբ սկսեցինք ատել ինքներս մեզ։ Եթե 2020-ի նոյեմբերի 9-ին պարտվեց մեկ անձ՝ իր ամբողջ համախոհ թիմով, ապա ժողովուրդը պարտվել է 2018-ին։ Եկեք նայենք իրականության աչքերին՝ մենք պարտվել ենք այդ ժամանակ, որովհետև դրսից թքեցին մեր հոգու մեջ մեր ընկերները, մեր եղբայրները, մեր մտավորականները, և մենք հավատացինք այդ հեքիաթին, կերանք այդ «կուտը»։ Մենք մեզ չսիրեցինք»,-հայտարարեց Աշոտ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։