Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ավստրիայի կանցլերը կոչ են արել ազատ արձակել Նավալնիին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Մոսկվային կոչ են արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:

«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:

Միևնույն ժամանակ, նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

«Մոսկվայում Ալեքսեյ Նավալնիի դեմ կայացված դատավճիռն անընդունելի է։ Ես պահանջում եմ աnհապաղ ազատ արձակում, ինչպես նաև խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցում։ Իրավական պետականությունն ու ազատ արտահայտման իրավունքը պետք է ապահովվեն»,-իր հերթին գրել է Կուրցը։

Նկատենք՝ Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը «Իվ Ռոշեի» գործով երեկ չեղյալ էր հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը՝ փոխարինելով այն 3.5 տարվա իրական ժամկետով: Արևմտյան մի շարք երկրներ կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Ի պատասխան ՝ ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է չխառնվել ինքնիշխան պետության ներքին գործերին ու այդ հայտարարությունները որակել էր «արևմուտքի կողմից ՌԴ-ին զսպելու փորձ»: Միևնույն ժամանակ Կրեմլը պաշտոնապես հայտարարել է՝ մտադիր չէ հաշվի առնել Նավալնիի մասին արտերկրից հնչող հայտարարությունները:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նավալնիին ազատ արձակելու կոչ էր արել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: