Պենտագոնում հայտարարել են Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին

ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չառլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին։

Այդ մասին նա գրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական հրատարակության փետրվարյան թողարկման համար հոդվածում: Ռիչարդը նշում է, որ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակներից ի վեր Պենտագոնը չի քննարկել միջուկային տերությունների հետ ուղղակի ռազմական բախման հավանականությունը, բայց այժմ իրադրությունը փոխվել է: «Առկա է այն բանի իրական հնարավորությունը, որ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ իրական ճգնաժամը կարող է արագորեն վերաճել միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտության, եթե, նրանց կարծիքով, սպառազինության սովորական տեսակների կիրառմամբ հարվածքի դեպքում սպառնալիք առաջանա քաղաքական կառուցվածքի կամ պետության համար»,-հայտարարել է Ռիչարդը:

Ծովակալի խոսքով՝ չի կարելի բացառել, որ պոտենցիալ հակառակորդը կորոշի միջուկային զինանոց օգտագործել: Ինչպես կարծում է Ռիչարդը, քանի դեռ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը կենտրոնացեէ ահաբեկչության դեմ պայքարի վրա, Ռուսաստանն ու Չինաստանն սկսել են ագրեսիվ քաղաքականություն վարել՝ միջազգային նորմերին մարտահրավեր նետելով ուժային միջոցներով, որոնք չեն եղել սառը պատերազմի թեժ ժամանակներից ի վեր: Նման գործողությունները, ամերիկացի ծովակալի կարծիքով, չպետք է առանց պատասխան մնան Վաշինգտոնի կողմից: «Մենք պետք է ակտիվորեն մրցակցենք նրանց ագրեսիան զսպելու համար»,-գրում է Ռիչարդը: Բացի այդ, նա նշել է Չինաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հնարավորությունների «սթափեցնող» աճը: Մասնավորապես, Ռիչարդը մանրամասնորեն նկարագրել է Ռուսաստանի միջուկային ուժերի արդիականացումը եւ Մոսկվայի կողմից նոր սպառազինությունների մշակումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: