ԱՄՆ-ն սառն է արձագանքում, բայց չի մերժում միջուկային գործարքին վերադառնալու Իրանի առաջարկը. Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի սառն է արձագանքել իրանական կողմի առաջարկին, որը ենթադրում է Վաշինգտոնի և Թեհրանի համաժամանակյա քայլերը` Իրանի միջուկային գործարքին վերադառնալու համար, գրում է Reuters գործակալությունը՝ հավելելով, որ Պետդեպի պաշտոնյան հայտարարել է, որ այդ դիրքորոշումը չպետք է դիտվի որպես մերժում:

Երկուշաբթի Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ Վաշինգտոնի հետ փակուղային իրավիճակը կամրջելու միջոցներից մեկը ԵՄ պաշտոնատար անձի կողմից քայլեր կազմակերպելն է, որոնք ուղղված կլինեն վերականգնել 2015-ի այն պայմանագիրը, որը 2018 թվականին լքել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Սա առաջին անգամն էր, երբ Զարիֆը ակնարկել է, որ Իրանը կարող է փափկացնել իր պահանջները, որպեսզի Միացյալ նահանգները թուլացնեն տնտեսական պատժամիջոցները` մինչև Իրանը կվերսկսի իր պարտականությունների կատարումը: Բայդենի վարչակազմը, իր հերթին, պնդում է, որ նախ Իրանը վերադառնա գործարքի կատարմանը, մինչև իր կողմից քայլերի կատարումը:

«Մենք որևէ քննարկում չենք ունեցել իրանցիների հետ, և ես չեմ ակնկալում, որ կունենանք` մինչև  այդ նախնական քայլերիկատարումը»,-ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Այդ գործընթացում շատ քայլեր կան մինչև հասնելը այն կետին, երբ մենք ուղիղ կհամագործակցենք իրանցիների հետ և կընդունենք ցանկացած առաջարկ»,-ավելացրել է Փրայսը:

ԱՄՆ մեկ այլ պաշտոնյա անանուն մնալու պայմանով հայտարարել է, որ Փրայսի մեկնաբանությունը չպետք է ընկալվի որպես Զարիֆի գաղափարի մերժում, այն արտացոլում է այն փաստը, որ Բայդենի իրանական թիմը դեռևս ադապտացվում է և պարտավորվել է լայն խորհրդակցություններ անցկացնել:

«Սա հերքում չէ: Մենք չենք սկսել բանակցություններ վարել Իրանի, կամ որևէ մեկի հետ, քանի որ մեր գերակայությունը խորհրդակցելն է միջուկային գործարքի և տարածաշրջանի գործընկերների հետ»,-ասել է պաշտոնյան:

2015 թվականին  Իրանի և 6 խոշոր տերությունների միջև կնքված գործարքի համաձայն, Թեհրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը`ավելի դժվարացնելով միջուկային զենքի մշակումը` տնտեսական պատժամիջոցներից ազատվելու դիմաց:

Թրամփը հրաժարվել է գործարքից, որը Իրանը կնքել է Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, վերսկսել է ԱՄՆ նախկին պատժամիջոցները և նորերն է սահմանել, որոնք քամել են Իրանի տնտեսությունը: