Մենք նաև հավաքվել ենք նրա համար, որ տիկնոջը հիշեցնենք՝ ինքը, ցավոք սրտի, ՀՀ ԱԺ պատգամավոր է և իրավունք չունի նման հիմարություններ ասել այն էլ միջազգային հարթակներում. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)․ tert.am

Նորմալ երկրի ղեկավարները, եթե դավաճաններ չլինեին ու չմտածեին իրենց աթոռները պահելու մասին, այս պահին կային բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է հրատապ իրականացվող ծրագրեր՝ գերիների, բանակաշինության խնդիրներ, էլ չեմ ասում, որ մեր սահմանագծումը թողնված է գյուղացիների և ադրբեջանական ԶՈւ-երի բանակցությունների վրա: Այս մասին ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ նման իրավիճակի պայմաններում ԱԺ արտահերթ նիստով, հրատապ կարգով ԱԺ ամենակարևոր խնդիրը կալանքի դատարաններ ստեղծելը չէ: «Դատարաններ, որոնք կզբաղվեն մարդկանց՝ ինձ, իմ ընկերներին, մարդկանց որոնք այլախոհներ են և չեն ուզում, որ դավաճաններն իշխեն ՀՀ-ում, իրենց ավելի հեշտ կարողանան ճաղերի ետևում պահել»,- ասաց նա և հայտարարեց, որ դրա համար են իրենք ակցիան իրականացնում:

«Բացի այդ, մենք ունենք մի երեսփոխան՝ Անուշ Բեղլոյան անուն ազգանունով, որը չի հասկացել՝ ինքը ՀՀ ԱԺ պատգամավո՞ր է, թե՞ Միլի Մեջլիսի։ Մենք նաև հավաքվել ենք նրա համար, որ տիկնոջը հիշեցնենք՝ ինքը, ցավոք սրտի, ՀՀ ԱԺ պատգամավոր է և իրավունք չունի նման հիմարություններ ասել այն էլ միջազգային հարթակներում»,- նշեց նա:

Հարցին՝ կայացա՞վ վեց լիդերների հանդիպումը, նա դրական պատասխան տվեց: «Այո՛, կայացավ, մանրամասների մասին կլինի հաղորդագրություն: Այն լուրերը, որ տարածում է քարոզչամեքենան, թե «Հայրենիքի փրկության» շարժման հետ խնդիրներ կան, սուտ են։ Շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտներով»,- ասաց նա և նշեց, որ այսօրվա անելիքների մասին չի խոսի անակնկալները չփչացնելու համար: