ՀԱՊԿ-ը 2021 թ. կանցկացնի ութ խոշոր զորավարժություններ. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում: ՏԱՍՍ-ին տեղեկացմամբ, փետրվարի 2-ին այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Ես կարող եմ ասել սոսկ խոշորների մասին, մեզ մոտ այդպիսիք ութ են»,- ասել է Զասը՝ պատասխանելով այն հարցին, թե որքան զինավարժանքներ են պլանավորված այս տարի: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ մեծ մասը տեղի կունենա Տաջիկստանի տարածքում, որովհետև այդ երկիրը 2021 թ. նախագահում է: Մասնավորապես, պլանավորվում են խոշոր զինավարժանքներ օպերատիվ հակազդման հավաքական ուժերով, հետախուզության ուժերով և միջոցներով և այլ ուժերով: Զասը նաև հայտարարել է, որ Աֆղանստանն ահաբեկչական սպառնալիքների լուրջ աղբյուր է մնում տարածաշրջանային անվտանգության համար:

«Աֆղանստանը մնում է ահաբեկչական սպառնալիքի լուրջ աղբյուր: Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում այնտեղ կատարվել է 50-ից ավելի ահաբեկչական գործողություն, շուրջ 4 հազար մարդ տուժել է»,- ասել է նա:

Կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ-ը և ՆԱՏՕ-ն այժմ ոչ մի կարգի շփումներ չունեն, նույնիսկ աշխատանքային մակարդակով, ուստի հարաբերությունների վերաբեռնման մասին խոսք չկա: «Հարաբերությունները վերաբեռնելու համար դրանք պետք է լինեն: Մենք այժմ ՆԱՏՕ-ի հետ ոչ մի կարգի շփումներ չունենք, փոխգործակցություն չկա, ըստ էության: Նույնիսկ աշխատանքային մակարդակով: Ուստի խոսել վերաբեռնման մասին՝ հարկ չկա»,- ասել է նա: