«Ավրորան» դրամաշնորհ է հատկացրել «Թվային Մատենադարանին»

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ և եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային և աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն:

Այն հնարավորություն կտա այցելուներին՝ շրջել և առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր՝ այդ թվում հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ: Այդպես այցելուները ոչ միայն ամբողջական պատկերացում կկազմեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող ձեռագրական հավաքածուների մասին, այլև կկարողանան թվային տարբերակով դիտել առանձին ձեռագրերի էջեր և նույնիսկ խոշորացնելու միջոցով «զննել» մանրանկարները:

«Այլևս անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման: Աշխարհի առաջատար թանգարաններն իրենց ցուցադրություններն ու ցուցահանդեսները կազմակերպելիս հատուկ ուշադրություն են դարձնում այս բաղադրիչին, որպեսզի ներկայացվող նյութը հասանելի լինի նաև առցանց հարթակներում: Այս նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Մատենադարանում պահվող հարուստ ժառանգությունը թվային տիրույթի միջոցով հանրահռչակելու և աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ: Ու այս կարևոր գործում կրկին մեր կողքին է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը»,- նշեց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

Նոր՝ «Թվային Մատենադարան» նախագծի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ այցելելու Մատենադարան և մի քանի լեզվով բացատրական բովանդակալից տեղեկություններ ստանալու ցուցանմուշների մասին՝ հայկական միջնադարյան երաժշտության ուղեկցությամբ:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծման օրից՝ հինգ տարի շարունակ, մեզ համար միշտ պատիվ է եղել Մատենադարանին աջակցելը: «Ավրորան» ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը  վերապրողների անունից, և հայկական մշակութային ժառանգության պահպանումն ու պատմության ներկայացումը մեր օրակարգի կարևորագույն մասն է: Քանի որ աշխարհում կորոնավիրուսի համավարակից տուժեցին նաև թանգարանները, առցանց ներկայությունն ու վիրտուալ ցուցահանդեսների կազմակերպման փորձը չափազանց կարևոր են այցելուների հետ կապը պահպանելու համար․ «Ավրորան» ուրախ է, որ կարող է աջակցել Մատենադարանին այս հարցում»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

Սա «Ավրորայի» հինգերորդ դրամաշնորհն է Մատենադարանին, որը հատկացվում է «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրի և «Armenian Memory Act» նախագծի շրջանակում: «Ավրորա» դրամաշնորհներ ծրագրով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել իրենց նախնիներին փրկողներին՝ օժանդակելով կրթական ձեռնարկումների և պահպանելով հայկական ժառանգությունը՝ միաժամանակ բարձրացնելով իրազեկությունը մարդասիրական ջանքերի և հայկական պատմության վերաբերյալ:

Դեռևս 2015 թվականի դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն տվեց Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում. այդ սարքով մինչև օրս թվայնացվել են ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր և հնատիպ գրքեր: 2016 թ. դրամաշնորհով տասը գիդ- էքսկուրսավարներ վերապատրաստվեցին Գերմանիայում: Իսկ 2017-20 թթ. «Ավրորան» օգնել է Մատենադարանին կազմակերպելու 50-ից ավելի դասախոսություններ գիտնականների և հետազոտողների համար, ինչպես նաև ստեղծելու հայ գրչության կենտրոնների ինտերակտիվ քարտեզ՝ օժանդակելով գիտահետազոտական ինստիտուտի կրթական և ակադեմիական այլ ծրագրերին: