Կարսում մեկնարկել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Փետրվարի 1-ին Հայաստանին սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Հաղորդել է «Անադոլու» լրատվական գործակալությունը։

«Ձմեռ-2021» անունը կրող զորավարժություններին պատրաստվող թուրք զինծառայողներն արդեն մարտական հրաձգություններ են իրականացրել Կարսում։

Ավելի վաղ՝ հունվարի 30-ին, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել, թե ինչպես են 1-ին մեքենայացված հետևակային բրիգադի զինվորականները «81 մմ» ականանետային վարժանքներ իրականացնում Հայաստանին սահմանակից Իգդիր նահանգից դեպի արևմուտք տեղակայված Աղրը նահանգում։

Հունվարի 23-ին ԹՀ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների մասնակցությամբ նույն Աղրը նահանգում իրականացվել էր «հակաահաբեկչական գործողություն», որը կրում էր «ԷՐԵՆ-3 ԱՐԱՐԱՏ ԼԵՌ» [EREN-3 AĞRI DAĞI] անունը։ Ըստ ԹՀ ՆԳՆ-ի գործողությանը մասնակցել էին թուրքական ՆԳՆ Ժանդարմեայի հրամանատարությունը, Ժանդարմեայի հատուկ գործողությունների, Ոստիկանության հատուկ գործողությունների և Ավանային անվտանգության ստորաբաժանումները՝ 1040 աշխատակից, 59 օպերատիվ խումբ: