Ամռանը 3 անգամ շատ մոտ էինք Թուրքիայի հետ ռազմական բախմանը. Հունաստանի պաշտպանության նախարար

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020թ. ամռանը երկիրը 3 անգամ գտնվել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին: Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալությունը:

«Մենք ամռանն անընդհատ զգոն էինք: Մեր բանակին 3 անգամ տրվել է ընդհանուր մոբիլիզացիայի հրաման: Հունական նավատորմը տեղակայված էր Արևելյան Միջերկրական ծովի ափին և շատ դեպքերում մոտենում էր թուրքական նավատորմին: Մեր բոլոր զինված ուժերը՝ սկսած ռազմական ինքնաթիռներից մինչև սահմանապահ զորքեր, պատրաստ էին ցանկացած զարգացման»,- ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը: Նա նշել է նաև, որ իրենք փոփոխություններ են կատարելու ԱՄՆ-ի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագրում: Ըստ Պանագիոտոպուլոսի՝ Հունաստանը քննարկում է համագործակցության ընդլայնման և պայմանագրի երկարացման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկները և շուտով դրա վերաբերյալ նոր որոշումներ կկայացնի:

Հունաստանի 2021-ի պաշտպանական բյուջեն նախորդ տարվա համեմատ 5 անգամ ավելացել է՝ կազմելով 2,5 միլիարդ եվրո: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսը պնդում է, որ երկիրը պետք է ավելացնի իր ռազմական ծախսերը՝ չնայած բոլոր դժվարություններին: Միչոտակիսը նաեւ հայտարարել է, որ Rafale կործանիչների հետ մեկտեղ նախատեսում է գնել  նոր ֆրեգատներ, ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և արդիականացնել առկա նավատորմը, ինչպես նաև ինքնաթիռները: