ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել ԼՂ ռազմագերիներին և մյուս գերիներին

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին փուլի ռազմագերիներին և մյուս գերիներին, ինչպես նաև ընտանիքներին հանձնել մահացած անձանց աճյունները, որպեսզի նրանք հուղարկավորվեն՝ համաձայն իրենց մշակութային ավանդույթների: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը:

«Բոլորը, ովքեր հակամարտության հետևանքով զրկվել են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տուն, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան ստանալ իրենց սիրելիների աճյունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի»,- նշել են փորձագետները:

Նրանք ընդգծել են, որ ահազանգեր են ստանում այն մասին, թե ռազմագերիներն ու մյուս գերիներն առանց որևէ դատական գործընթացի սպանվում են, անհետանում, ենթարկվում են բռնությունների ու դաժան վերաբերմունքի:

«Ոչ մի բացառիկ հանգամանք՝ լինի դա պատերազմական վիճակ, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ արտակարգ դրություն, չի կարող արդարացնել խոշտանգումներն ու բռնի անհետացումները: Նմանօրինակ գործողությունները ևս ռազմական հակամարտության ժամանակ կարող են համարվել պատերազմական հանցագործություն»,- ընդգծել են մարդու իրավունքների հարցերով փորձագետները:

Նրանք հատկապես ահազանգել են մահացած անձանց մարմինների նկատմամբ խոշտանգումների փաստերի առնչությամբ: «Երկու կողմերն էլ սկսել են վերադարձնել ռազմագերիներին ու մյուս գերիներին, և մենք կոչ ենք անում նրանց իրականացնել դա «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, հստակեցնել անհետ կորածների ճակատագիրն ու արժանապատվորեն վերաբերվել մահացած անձանց մարմիններին»,- նշել են նրանք:

Փորձագետները կոչ են արել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններին ամբողջական, անհետաձգելի, անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացնել հակամարտության ընթացքում ու դրանից հետո մարդու իրավունքների լրջագույն խախտումների վերաբերյալ՝ պատասխանատվության ենթարկելու կազմակերպիչներին և հատուցելու տուժածներին: Նրանք հավելել են նաև, որ հետագայում ևս շարունակելու են փոխգործակցությունը երկու երկրների իշխանությունների հետ և հետևելու են իրավիճակին:

Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո բազմաթիվ են տարածվող տեսանյութերը, որոնք փաստում են Ադրբեջանի կողմից հայ ռազմագերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին: Հրապարակվել են փաստեր քաղաքացիական անձանց, տարեցների նկատմամբ ծաղրի ու բռնության առնչությամբ: Խեղվել են բազմաթիվ մարմիններ, գերիների պահման պայմանների մասին տեսանյութերը վկայում են նրանց իրավունքների կոպիտ խախտումների մասին: Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձի գործընթացը, նրանց նկատմամբ հարուցում հիմնազուրկ քրեական գործեր: