Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի են. Արծրուն Հովհաննիսյան

«Պատերազմի ընթացքում իմ կողմից մոտ 170 հրապարակում եղել է՝ հաղթելու ենք, ոչ թե հաղթում ենք, և նույն չափով էլ եղել է, որ վիճակը շատ ծանր է, սա գոյության կռիվ է և այլն: Քանի որ մենք այսօր պարտվել ենք, բոլորիս համար շատ ծանր էմոցիոնալ վիճակ է, դրանից հետո մենք անպայման ուզում ենք դավաճանների գտնել, և շատ ցավում եմ, որ զինվորականների մեջ են ուզում դավաճաններ գտնել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի «մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային» ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, որը պատերազմի ժամանակ 44 օրերին հանրությանը «հաղթելու ենք» կարգախոսով կեղծ և ուռճացված տեղեկատվությամբ էր կերակրում:

Անդրադառնալով  Շուշիի համար մղվող մարտերին և կորստին՝ նա ասաց.

«Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի են, անկեղծ եմ ասում: Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիիում, որից հետո նոյեմբերի 7-ին, 8-ին և 9-ին տարամագծորեն ամեն ինչ մի քանի անգամ փոխվել է՝ ըստ Պաշտպանության նախարարության տեղեկության: 44 օրերի ընթացքում տեղեկությունը բացառապես ստացել եմ ՊՆ-ից, բացառապես Գլխավոր շտաբի օպերատիվից և Պաշտպանության բանակից: Հիմա ուսումնասիրել է պետք, մենք ուզում ենք անմիջապես բոլորս գտնենք ճշմարտությունը, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, լիքը դրվագներ կան՝ իմ ուղեղում չի տեղավորվում»,-ասաց Հովհաննիսյանը՝ մոռանալով, ինքը եղել էր պատերազմի առաջնագծերում և կարող էր ուսումնասիրություն կատարել  հենց պատերազմի ընթացքում, ի մի բերելով «բազում հակասությունները», որպեսզի հիմա ուղեղին զոռ չլինի: