Ահա թե ինչու այսքան զոհեր ու վիրավորներ, Արցախի տարածքի 73 տոկոսի կորուստ, կապիտուլյացիոն համաձայնագիր… (տեսանյութ)

2020 թվականի պատերազմի ընթացքում հայ զինծառայողների, հատկապես, զորահավաքային ուժերի մոտ բացակայել են զրահաբաճկոնները և սաղավարտները: Այս մասին նշված է «Ազգային Վերահսկողական Համակարգ»-ի կողմից երեկ հրապարակված ու սկանդալային բացահայտումներով հագեցած տեսանյութում: Հասկանալի է, որ խոսքը չի վերաբերվում բոլոր զինծառայողներին, այլ նրանցից շատերին, համենայն դեպս, հազարավորներին:

Տեսանյութը մեր զինուժի ու պատերազմի վերաբերյալ դրվագներից բացի, ներկայացնում է հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա Արթուր Գրիգորյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօրվա իմ հայտարարությունը վերաբերվելու է վերջին կես տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, զինված ուժերում տեղ գտած բացասական երևույթներին: Դատարկախոսությամբ չեմ զբաղվելու, այլ ներկայացնելու եմ մեր կողմից կատարված իրական քայլերը: Իմ հայտարարությունները լինելու են մի քանիսը, կրելու են շարունակական բնույթ, պարզաբանելու և բացահայտելու են իրականությունը, որը որոշ մարդկանց համար կդառնա ճակատագրական:

Մեր կողմից զինվորական դատախազություն է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում այն փաստերի և տվյալների հիմքով, որոնք վկայում են զինված ուժերում կատարված հանցագործությունների մասին: Այդ ամենը բացահայտվեց 2020 թվականի պատերազմի ժամանակ: Հավաքել ենք հիմնավոր փաստեր այն մասին, թե կոնկրետ ինչ բացթողումներ են եղել ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային պաշտպանության, կապի, ինժեներա-սակրավորական, զրահատանկային և սպառազինության ծառայություններում:

Կան նաև տվյալներ ռազմական միջոցների անարդյունավետ գնման և անարդյունավետ կառավարման մասին: Փաստերից մեկն էլ զրահաբաճկոնների և սաղավարտների որակի և քանակի անհամապատասխանությունն է զորքի թվաքանակին: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, որը զետեղված է պաշտպանության նախարարության կայքում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ունենք 70 000 ակտիվ զինծառայող, պահեստազորում` 210 000: Դրա հիման վրա նախօրոք պետք է հաշվարկ կատարվեր և զորքին ապահովվեր անհրաժեշտ քանակի զրահաբաճկոններով և սաղավարտներով, և ոչ միայն… Չմոռանանք, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք նախապես տեղյակ էին սպասվելիք պատերազմի մասին:

Փաստ է նաև, որ մեր վիրավորների և մահացածների շուրջ 80 տոկոսի մոտ գրանցվել են բեկորային վնասվածքներ, իսկ դրանց կեսից ավելին եղել են գանգուղեղային վնասվածքներ և վիրավորումներ կրծքավանդակի ու ողնաշարի շրջանում: Բազմաթիվ ականատեսների կողմից ներկայացվել են հայտարարություններ այն մասին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում հայ զինծառայողների, հատկապես, զորահավաքային ուժերի մոտ բացակայում են զրահաբաճկոնները և սաղավարտները: Նաև փաստեր կան այն մասին, որ Հայաստանում արտադրված զրահաբաճկոնները, որոնք բաժանվել են մեր զինվորականներին, իրենց անհարմարավետության պատճառով խոչընդոտել են մարտական խնդիրների կատարմանը:

Նշեմ, որ հայկական արտադրության զրահաբաճկոններ կարելիս, մի շարք հանգամանքներ հաշվի առնված չեն եղել, մասնավորապես` զրահաբաճկոնի ուսի հատվածում զենքի հենման կետը հնարավորություն չէր տալիս առավելագույնս անշարժացնել զենքը, իսկ դա կարևոր է մարտի ժամանակ դիպուկ կրակելու համար:

Կարևորում եմ նշել նաև, որ զինվորներին տրամադրվող հայկական արտադրության զրահաբաճկոնները բավականին ծանր էին և դրանցով մարտական խնդիր կատարելն էլ ավելի դժվար: Զրահաբաճկոնի վրա նախատեսված փամփշտատուփերի և նռնակների համար (ձեզ հայտնի որպես «մագազին» և «լիմոնկա») նախատեսված գրպանիկների քանակը բավարար չէր կամ ընդհանրապես բացակայում էր: Նախատեսված գրպանիկների մեջ հնարավոր է տեղավորել ընդամենը 3 փամփշտատուփ, գումարած մեկը` ինքնաձիգի վրա, ինչը, ընդհանուր առմամբ, կազմում է 120 փամփուշտ և 2-3 նռնակ: Համեմատության համար նշեմ, որ թշնամու յուրաքանչյուր զինվորի մոտ կար 9 փամփշտատուփ, ընդհանուր քանակով` 270 փամփուշտ, և 5 նռնակ: Այս ամենը վկայում է, որ մենք կարող էինք անհամեմատ քիչ թվով զոհեր ու վիրավորներ ունենալ, եթե համապատասխան ծառայությունները կատարեին իրենց պարտականությունները` ժամանակին համապատասխան քանակի և որակի զրահաբաճկոններ ձեռք բերելով և տրամադրելով զորքին:

Պետք է բացահայտվեն բոլոր այն անձինք, ում հանցավոր գործունեության կամ անգործության պատճառով ունեցել ենք այսչափ զոհ և վիրավոր: Հետևողական ենք լինելու վերոնշյալ փաստերի և տվյալների բացահայտմանը և մեր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման արդյունքներին: Պարտավորվում ենք պարբերաբար տեղեկացնել ձեզ տվյալ հայտարարության շուրջ զարգացող գործընթացի մասին»:

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության արդյունքում է, որ ունենք ներկայիս ողբերգական, Արցախի Հանրապետության հետագա գոյությունը կասկածի տակ դնող, մեր ազգային անվտանգությունը գրեթե զրոյի հավասարեցրած հետևանքները: Եվ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի… Կան հիմքեր ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց, առաջին հերթին, ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին եթե ոչ պետական դավաճանության, ապա այլ հանցանքների կատարման մեջ մեղադրելու:

 

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութը` այստեղ