Սկսվել է Սիրիայի պատերազմի նոր փուլ

Գրեթե նույն սցենարով, որով Երևանի դավաճանները Թուրքիայի, Իսրայելի և կովկասյան թաթարների հետ միասին ոչնչացրին անկախ Արցախի Հանրապետությունը, Սիրիայում ոչնչացվում է քրդական ինքնավարությունը այս երկրի հյուսիս-արևելքում: Ճիշտ է, այս պարագայում ԱՄՆ-ի բացասական դերը ավելի քան ակնհայտ է (Թուրքիայի հետ միասին). դեռևս 2016-17 թթ. ամերիկացիները համաձայն էին թուրքերի հետ, թե Անկարան իրավունք ունի սպանել քրդերին, իսկ չսպանվածներին՝ արտաքսել (այսինքն՝ տեղահանել) Սիրիա-թրքական սահմանից հեռու: Հունվարի 25-ին հյուսիսային Սիրիայում քրդերի ստեղծած ինքնավար վարչակազմի պաշտպանության համար պատասխանատու Զեյդան ալ-Ասին քրդական Firat լրատվական գործակալությանը հայտարարել է, որ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF, նրա կազմի մեջ առաջատար դերը խաղում են Քրդական ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը (YPG)) արաբա-քրդական դաշինքի  ստորաբաժանումները հակահարված կտան թուրքական բանակին և Թուրքիայի դաշնակից, այդպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» ահաբեկիչներին՝ քրդական տարածքներ ներխուժելու դեպքում:

«Մենք նախազգուշացնում ենք միջազգային հանրությանը, որ Անկարան ռազմական գործողություն է նախապատրաստում, որը կարող է վերաճել նոր պատերազմի սահմանային շրջաններում»,- շեշտել է նա: Նրա խոսքով, թուրքական զրահամեքենաների շարասյունը ավելի վաղ հատել է սահմանը դեպի Ռաքքա նահանգի հյուսիս, որտեղ դեկտեմբերից սկսած բախումներ էին տեղի ունենում SDF-ի և թուրքական զորքերի միջև: Առավել լարված իրավիճակ շարունակում է մնալ Այն Իսսա քաղաքի մատույցներում, որը գրավելու փորձերը շարունակում են ձեռնարկել Թուրքիայի զինված ուժերի և «Սիրիայի ազգային բանակի» («ՍԱԲ») զինյալների համատեղ խմբավորումները: «Զինյալների կողմից այս քաղաքը գրավելու փորձերը մինչ այժմ ձախողվել են»,- նշել է ալ-Ասին: Նա նաև մեկնաբանել է հյուսիսարևելյան Հասեկե նահանգի Դերիք քաղաքի վրա հարձակվելու Անկարայի հավանական ծրագրերը: «Եթե Թուրքիան հարձակման կամ նմանատիպ այլ գործողություններ ձեռնարկի Սիրիայի այս հատվածում, ապա պատերազմը չի սահմանափակվի Դերիքով, այն ծավալվելու է ամբողջ սահմանի երկայնքով՝ Դերիքից մինչև Աֆրին,- հայտարարել է ալ-Ասին: – Նոր պատերազմը կարող է աղետալի հետևանքներ բերել ոչ միայն Սիրիայի, այլև ողջ տարածաշրջանի համար: Սիրիայի քրդերը միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, կոչ են անում կանխել Թուրքիայի աճող ռազմական արշավը Սիրիայում: Եթե ​​Սիրիան ու Ռուսաստանը թույլ տան տապալել քրդական ինքնավարությունը, դա հետևանքների կհանգեցնի ամբողջ Սիրիայի համար»:

Մենք ավելի վաղ արդեն տեղեկացրել էինք Հայաստանի քաղաքացիներին, որ վերջին շաբաթներին իրավիճակը Հասեկե նահանգում և հարևան Ռաքա նահանգում կտրուկ սրվել է՝ կապված Սիրիայի բանակի և SDF կազմավորումների դիրքերի գնդակոծման հետ՝ «ՍԱԲ»-ի և Թուրքիայի կողմից աջակցվող այլ ահաբեկչական խմբավորումների կողմից։ Այժմ հայտնի է դարձել, որ այս տարածքում, ասես մոգությամբ, ակտիվացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման նախկինում «հանդարտված» ստորաբաժանումները, որոնք իբր ջախջախվել էին ԱՄՆ-ի և ամերիկացիների գլխավորած «միջազգային կոալիցիայի» կողմից: Մենք նաև հաղորդել էինք, որ հունվարի սկզբին Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը լրացուցիչ ստորաբաժանումներ է ուղարկել Հասեկե նահանգ՝ հյուսիսարևելյան տարածաշրջանում սիրիական բանակի հետ դիտակետերն ամրապնդելու համար: ՌԴ ԶՈՒ զորամիավորումը Հասեկեում աճել է գրեթե 300 մարդով: Հավելյալ ուժերի կազմի մեջ ընդգրկվել են առավել պատրաստված զինծառայողները, որոնք Սիրիայի տարածքում խնդիրներ լուծելու փորձ ունեն: Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը տեղակայվել է Այն-Իսա,Թել-Թամար, Ամուդա շրջաններում և այլ բնակավայրերում: Բացի անձնակազմից, Ռուսաստանի տիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռները մատակարարել են լրացուցիչ զենք, կապի և նավիգացիոն սարքավորումներ: Մոտ 300 ռուս զինծառայողների ժամանումը Հասեկե նահանգ տեղի է ունեցել ընդամենը մեկ օր անց այն բանից հետո, երբ թուրքական զինուժը և թուրքերի դաշնակից «ՍԱԲ»-ի մարտիկները ակտիվացրել էին հարձակումները Հասեկե նահանգի առանցքային Թել-Թամար քաղաքի վրա: Դեկտեմբերի վերջին ռուս զինվորականները հավելյալ ուժ են տեղակայել նաև Էլ-Քամիշլի միջազգային օդանավակայանում գտնվող իրենց բազայում: Տեղական աղբյուրների համաձայն՝ ավելի քան 20 ռազմական բեռնատարներ և զրահափոխադրիչներ՝ նյութատեխնիկական միջոցներով, զինամթերքով և անձնակազմով, ժամանել են Էլ-Քամիշլիի օդանավակայան, որտեղ տեղակայված են ռուսական զորքերը: Եվ լարվածության սրման սկզբից թուրքամետ խմբավորումները փորձել են անգամ գրավել Այն-Իսա քաղաքը, սակայն չեն կարողացել: Իսկ ռուսական ավիացիան վերսկսել է զանգվածային հարձակումները ահաբեկիչների դեմ Իդլիբում և Հասեկեից ու Հոմսից մինչև Ռաքա նահանգ ընկած տարածքում: Հավանաբար ռուսների ակտիվացման վրա ազդել է նաև այն փաստը, որ կրկին «հայտնվել են» ԻՊ խմբավորման ահաբեկիչները, ընդ որում՝ նույնիսկ Դեյր-էզ-Զոր նահանգում:

Հունվարի 26-ին Իդլիբի հարավում կատաղի մարտեր են  սկսվել սիրիական բանակի ու Թուրքիայի կողմից աջակցվող այդպես կոչված «Ազգային-ազատագրական ճակատի» («NLF») ահաբեկիչների միջև, հայտնում է լիբանանյան Al-Masdar News գործակալությունը: Դամասկոսի ռազմական աղբյուրների համաձայն, սիրիական բանակը շարունակում է լայնածավալ ցամաքային գործողություններ նախապատրաստել Իդլիբի հարավային շրջաններում, քանի որ թուրքական կողմը (ինչպես միշտ) դեռ չի կատարել Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունները՝ «սիրիական զինված ընդդիմության բոլոր մարտիկների» դուրս բերման մասին, M-4 մայրուղուց (Հալեպ-Լաթաքիա) դեպի հարավ գտնվող տարածքներից: Հաշվի առնելով Հասեկեից և Դեյր-էզ-Զորից քրդերի հաղորդումները, ու նաև իրավիճակը Ռաքա նահանգում, պետք է ենթադրել, որ սկսվել է Սիրիայի համար պատերազմի մեկ այլ փուլ: Մենք հավատում ենք, որ Ռուսաստանն ու Իրանը, գործելով որպես դաշնակից տանդեմ Սիրիայում, արդեն պարտավոր են Թուրքիային դուրս մղել այս երկրից:

Սերգեյ Շաքարյանց