ԵԱՀԿ գործող նախագահը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները՝ ուղղված ՀՀ-ի և Ադրբեջանի միջև քաղաքական կարգավորմանը

Այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակը:

Նշվում է՝ խոսակցության ընթացքում զրուցակիները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի դերակատարումը, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու առնչությամբ  հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը:

Բլինքենն իր խոսքում նշել է նաև, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը:

Միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Լինդեի` Մոսկվա կատարելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում չարտոնված հավաքները ցրելու և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության առնչությամբ: Նա շնորհակալություն է հայտնել Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու՝ Շվեդիայի հանձնառության համար: