Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար անօդաչու սարքեր կգործարկվեն. ՌԴ ՊՆ

Աղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու սարքեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով:

«Կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», – ասվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում:

Նշենք, որ այսօր Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, որի պահպանումը կիրականացվի ադրբեջանական բանակի կողմից։

Ռուս-թուրքական կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը և Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաոսմանօղլուն: