Ֆրանսիան փակում է իր սահմանները ԵՄ ոչ անդամ երկրների համար

Ֆրանսիան փակում է իր սահմանները ԵՄ անդամ չհանդիսացող  բոլոր երկրներից ժամանող ճանապարհորդների համար: Այս մասին ուրբաթ, հունվարի 29-ի երեկոյան կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Եվրոպական Միության անդամ չհանդիսացող պետություններից դեպի Ֆրանսիա և հակառակ ուղղությամբ շարժն արգելվում է, եթե չկան համոզիչ պատճառներ: Իսկ ԵՄ անդամ բոլոր երկրներից Ֆրանսիա մուտք գործելու պայմանը կլինի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պարտադիր բացասական արդյունքը՝ բացառությամբ սահմանամերձ շրջաններում բնակվող աշխատողների: Արգելքն ուժի մեջ կմտնի կիրակի, հունվարի 31-ին:

Քննարկումներից հետո Ֆրանսիան որոշել է երկրում նոր արգելափակումներ մտցնելու փոխարեն սահմանափակել մուտքը երկիր: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան պատրաստվում է երրորդ արգելափակմանը, որը տևելու էր առնվազն երեք շաբաթ: