Անձնագրերի սկանդալին առաջինը պետք է «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչված «կանտորան» արձագանքեր, բայց…

Անձնագրերի սկանդալին առաջինը պետք է «ՀՀ ազգային անվտանգության ծառայություն» կոչված «կանտորան» արձագանքեր, սա անմիջականորեն մեր ազգային անվտանգությանը և ԱԱԾ-ին առնչվող խնդիր է, բայց ԱԱԾ-ն լուռ է: Այն վաղուց չի զբաղվում մեր ազգային անվտանգության ապահովմամբ: Այս պնդման կապակցությամբ բազմաթիվ փաստեր կարող եմ ներկայացնել, ավելի ճիշտ, մի մասն արդեն ներկայացրել եմ, մի մասն էլ կհրապարակեմ առաջիկայում:

Կատակ բան չէ. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի դիվանագիտական անձնագիրը հայտնվել է այլ անձանց ձեռքում, որոշ տեղեկատվության համաձայն, նաև` ադրբեջանցիների… Բացի այդ, առավել քան համոզված եմ, որ ՀՀ քաղաքացու անձնագրերով Հայաստան են ներթափանցել բազմաթիվ ադրբեջանցիներ, ընդ որում, մի մասը հայերենին տիրապետող: Թերևս բոլորին հասկանալի է, որ նրանք ոչ թե ոչխարի հոտ արածեցնող հովիվներ են, այլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների (անվտանգության մարմնի, բանակի հետախուզության և այլն) աշխատակիցներ, հնարավոր է, նաև վարժեցված ահաբեկիչներ, որոնք այստեղ են լրտեսելու, հետախուզության և X ժամին ահաբեկչություններ, դիվերսիաներ իրականացնելու առաքելությամբ:

Բայց ԱԱԾ-ն լռում է, իբր թե ՀՀ-ում չկան ՀՀ քաղաքացու անձնագրերով ադրբեջանցիներ: Այդ մարմնի կողմից առ այսօր որևէ նման դեպք բացահայտված չէ: ԱԱԾ-ում գիտակցո՞ւմ են, որ եթե առաջիկայում այդ ադրբեջանցիներն իրենց սև գործն անեն` սպանություններ, առևանգումներ, պայթեցումներ և այլն, կամ եթե առաջիկա հնարավոր պատերազմում նրանց այսօրվա լրտեսական, հետախուզական գործունեության արդյունքներն ի հայտ գան, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանից բացի, նաև իրենք են կանգնելու պատասխանատվության առջև: Թե՞ կարծում են, թե դա կլինի Հայաստանի վերջի ժամանակ և իրենցից այլևս պատասխան պահանջող չի լինի: Պատասխան պահանջող միշտ է լինելու, և ոչ միայն պատասխան պահանջող…

Թվում էր, թե մեր դեռ ս. թ. հունվարի 11-ի «Ադրբեջանցիները` ՀՀ քաղաքացու անձնագրերով, ազատորեն շրջում են Հայաստանում. սա Հայաստանի՞ ԱԱԾ-ն է, թե թշնամու…» վերտառությամբ հրապարակումից  հետո ԱԱԾ-ն կարձագանքի, կհետաքրքրվի, կձեռնարկի համապատասխան միջոցներ, բայց… դարձյալ լռություն:

Փոխարենը `ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ակնհայտ քաղաքական նկատառումներով (տես` https://livenews.am/press/2020/75713/12/22/15/ ) դեռ անցյալ ամսվանից շինծու, անհիմն քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով, իբր թե նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանի կողմից առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ:

Վերոնշյալ քրեական գործի հարուցումից հետո, ս. թ. հունվարի 25-ին, ինչպես արդեն հայտնի է, 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը հանդես եկավ սկանդալային բացահայտմամբ  և համապատասխան տեսանյութում ներկայացրեց, իր իսկ հավաստմամբ, չեչեն ընկերների միջոցով ադրբեջանցիներից ստացած ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը: Ընդամենը մեկ հատված վերոնշյալ հաղորդման ընթացքում Անդրանիկ Հովհաննիսյանի ներկայացրածից.

«Իրենք տեղյակ չէին, որ ես հայ եմ, մտածում էին, որ ես էլ եմ չեչեն, և, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նաև էյֆորիայի մեջ էին, քանի որ այդ ժամանակ իրենց համար պարզ էր, որ հաղթում են, սկսեցին ինձ պատմել, որ ունեն հայկական անձնագրեր, որ վաղուց արդեն պատերազմը կանխորոշված է եղել: Ես չեմ հավատացել, որ իրենք ունեն հայկական անձնագրեր, այդ անձին, որ դա ասել է, խնդրել եմ ցույց տալ իր հայկական անձնագիրը, և նա ինձ ցույց տվեց: Ես տեսա, որ հայկական տվյալներ են նշված, հայկական անձնագիր է, չեմ կարծում, թե կեղծ էր: Դրանից հետո հարցրի՝ որտեղի՞ց ձեզ մոտ այս անձնագիրը, նա ինձ ասաց, որ իրենք ունեն շատ մեծ հնարավորություններ Հայաստանի Հանրապետությունում, հատկապես՝ 2018թ., այսպես կոչված, հեղափոխությունից, բայց իրականում պետական հեղաշրջումից հետո, և բավականին մեծ ազդեցություն ունեն Հայաստանում, հատկապես՝ բարձրաստիճան քաղաքական որոշ գործիչներ, ովքեր որոշ տվյալներ են հանձնում ադրբեջանական կողմին: Ես հարցրի՝ ո՞նց եք ստանում այդ անձնագրերը, նա պատասխանեց, որ այս հարցում իրենց օգնում է ՀՀ ԱԱԾ տնօրեն ոմն Քյարամովը:

Նա ասաց, որ հայերի համար Քյարամյան է, իսկ իրենց համար Քյարամով է»:

Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտմանը չարձագանքել հնարավոր չէր, իշխանությունները փորձեցին, ինչպես ասում են, ինչ-որ կերպ էշը ցեխից հանել: Հիշյալ բացահայտման հաջորդ օրը «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է հետևյալը.

«Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ անձանց ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակվել է 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր, որոնք նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են: Այդ անձնագրերի թվում էր նաև ՀՀ վարչապետի դիվանագիտական անձնագիրը»:

Շատ բարի, հակված էի հավատալու հենց Աննա Նաղդալյանի բացատրությանը, որովհետև Անդրանիկ Հովհաննիսյանի ներկայացրածն ինձ մոտ ինչ-որ հարցեր էր առաջացրել, բայց… Աննա Նաղդալյանի բացատրությանը շատ արագ, հենց նույն օրն արձագանքեց հենց ինքը` Անդրանիկ Հովհաննիսյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալը.

«Վերջապես արձագանքեցին , բայց ավելի լավ կլիներ լռեին։

Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։

Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. Հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական ​​անձնագիրը հափշտակվել է 2020թ. Նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը:

Իսկ հիմա ավելի լուրջ։

– Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.

– Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.

– Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի մասին։

Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»։

Ավելին. «Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրել է . «Քրեական գործում ի սկզբանե որեւէ կերպ չի երեւացել դիվանագիտական անձնագրերը կառավարության շենքից գողանալու փաստը։

«Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հրապարակման հետ կապված, մեր աղբյուրները հայտնում են, որ քրեկան գործում ի սկզբանե որևէ կերպ չի երևացել դիվանագիտական անձնագրերը կառավարության շենքից գողանալու փաստը: Այսինքն այդ փաստը քրեական գործում որևէ արտացոլում չունի առ այսօր, հետևաբար խիստ անհասկանալի ՀՀ ԱԳՆ հրապարկման պատճառը»:

Նկատի ունենալով վերը շարադրվածը, կասկածներ են առաջացել, որ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ստել է: Նշված կասկածները փարատման կամ հաստատման համար ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին և ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանին հրապարակայնորեն ուղղում ենք հետևյալ հարցերը և պահանջում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և 5-օրյա ժամկետում պատասխանել հետևյալ հարցերին.

1.Եթե Անդրանիկ Հովհաննիսյանի ներկայացրած Նիկոլ Փաշինյանի անձնագիրն իսկապես 2020թ. նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց` ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ հափշտակված Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրն է, ապա դեռ 2020թ. հոկտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանին տրված անձնագիրն ինչու 2020թ. նոյեմբերի 10-ի դրությամբ ստորագրված չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից և, ընդհանրապես, առանց նրա ստորագրման, տվյալ անձնագիրն ինչո՞ւ և ինչպե՞ս է տրվել Նիկոլ Փաշինյանին:

2.Եթե իսկապես նոյեմբերի 10-ին մի խումբ անձանց` ՀՀ կառավարության շենք ներխուժելու ժամանակ 14 ՀՀ դիվանագիտական անձնագիր է հափշտակվել, որոնք, ըստ «Արմենպրես»-ին տրված վերոնշյալ բացատրության, «նույն օրը ՀՀ ԱԳՆ կողմից չեղարկվել են», ապա ինչո՞ւ ԱԳՆ-ն այդ մասին, մինչև Անդրանիկ Հովհաննիսյանի վերոնշյալ բացահայտումը, չի հայտնել հանրությանը, մի՞ թե 14 դիվանագիտական անձնագրի, նրանց թվում նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի հափշտակումը և ԱԳՆ կողմից նույն օրը դրանց չեղարկումն այնքան սովորական, առօրյական, չնչին, նշանակություն չունեցող դեպք ու գործողություն էին, որ կարելի էր դրանց մասին չհայտնել հանրությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նույն օրենքի համաձայն, պահանջում ենք տրամադրել նաև ԱԳՆ այն պաշտոնյայի հրամանի կամ որոշման (հրամանների կամ որոշումների) պատճենները, որով կամ որոնցով չեղարկվել են վերոնշյալ 14 դիվանագիտական անձնագիրը: Զգուշացնում ենք, որ վերոնշյալ հարցերն անտեսելու, լռության մատնելու, հարցմանը չպատասխանելու, պահանջվող փաստաթղթի պատճենը կամ փաստաթղթերի պատճենները չտրամադրելու տարբերակ չկա, ԶԼՄ-ում սույն հրապարակային հարցումից բացի, այն ԱԳՆ է ուղարկվելու նաև գրավոր:

Բնականաբար, հարց է առաջանում նաև, թե 14 անձանց դիվանագիտական անձնագրերը նրանց մոտ գտնվելու փոխարեն, ինչու, ինչ նպատակով էին գտնվում ՀՀ կառավարության շենքում, այն էլ, հավանաբար, նույն վայրում, քանի որ կառավարություն ներխուժած անձինք կառավարության բոլոր աշխատասենյակներում չէ, որ եղել են: Այս հանգամանքը նույնպես, մեղմ ասած, կասկածի տակ է դնում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի բացատրության արժանահավատությունը:

Համապատասխան հարցումներ են ուղղվելու նաև իրավապահ համապատասխան մարմինների ղեկավարներին, քանի որ նրանցից որևէ մեկի պաշտոնական կայքում բառ անգամ չի հրապարակվել վերոնշյալ անձնագրերի հափշտակման մասին, մինչդեռ պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե նշված հափշտակությունն իրականում տեղի ունեցած լիներ, ապա այդ մասին նույնիսկ չնչին գողությունների մասին հաղորդումներով հայտնի ՀՀ ոստիկանությունը հայտնած կլիներ: ՀՀ ոստիկանությունից բացի, այդ մասին չեն հայտնել նաև ՀՔԾ-ն, գլխավոր դատախազությունը, ԱԱԾ-ն, Քննչական կոմիտեն:

 

Արթուր Հովհաննիսյան