ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ չընտրվեց

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում այսօր նախագահ չընտրվեց, քանի որ առաջադրված թեկնածուներից որևէ մեկը քվեարկությամբ չստացավ անհրաժեշտ ձայներ:

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից: Քվեարկությանը մասնակցեց 29 անդամ: Հախագահօ պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածուներ՝ Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը և Երևանի պետական համալսարանի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը: Հայկազ Նավասարդյանի թեկնածությունն առաջադրել էր ԵՊՀ ՀԽ նիստը նախագահող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Չուբարյանը, իսկ Կառլեն Խաչատրյանի՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

Քվեարկության արդյունքներով՝ Հայկազ Նավասարդյանը ստացավ 14 ձայն, Կառլեն Խաչատրյանը՝ 15 ձայն:  Կանոնադրության համաձայն, Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ այսինքն երկու հավակնորդներից մեկը պետք է ստանար 16+1 ձայն:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո հրաժարական էր տվել:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն և այլն:

Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

Հավելենք, որ ԵՊՀ-ն այս պահին չունի նաև ռեկտոր: Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի (2019-ի մայիսի 23-ին) հրաժարականից հետո Գեղամ Գևորգյանն ընտրվել է  ԵՊՀ ռեկտորի  պաշտոնակատար։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի` 2020 թ. մարտի 23-ին նախատեսված ընտրությունը չէր կայացել: