Տանիքի հարց ենք ուզում լուծել, մեզ ուրիշ այլ բան պետք չէ. քաշաթաղցիները չորեքշաբթի կհանդիպեն Մհեր Գրիգորյանի հետ

Կառավարության մոտ բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիները չորեքշաբթի կհանդիպեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Հայկազյան համայնքի ղեկավարը:

Նա նշեց, որ հանդիպել է վարչապետի օգնականի հետ, որն ասել է, որ չորեքշաբթի օրը կհանդիպեն փոխվարչապետի հետ՝ քննարկելու իրենց խնդիրները:

«Ուրիշ հարցերի չենք պատասխանի, քանի չենք զրուցել կառավարության ներկայացուցիչների հետ: Կառավարությունը ստեղծել է աշխատանքային խումբ՝ մեր խնդիրներով զբաղվելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության մոտ բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի Քաշաթաղի համայնքի բնակիչները, որոնք պահանջում էին իրենց ապահովել տանիքով: «Այսօր տանիքի հարց ենք ուզում լուծել, մեզ ուրիշ այլ բան պետք չէ»,- ասաց բնակիչներից մեկը: Քաշաթաղցիների խոսքով,  իրենց վերջին 2 ժամում են ասել, որ պետք է տարհանվեն և ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ, իրենց բռնի ուժով են հանել իրենց տներից, և իրենք պետությունից նպաստ չեն ուզում ստանալ, ուզում են համարժեք փոխհատուցում՝ իրենց կորցրածի դիմաց: