Հովհաննես Խուդոյան. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հանցակազմ է պարունակում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո գիշերը ուղիղ եթերում հնչեցրած հայտարարությունը հանցակազմ է պարունակում։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոնի նստավայրում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Դատական նիստն ընթացավ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Փաստաբաններ Հովհանես Խուդոյանն ու Արամ Օրբելյանը բողոքարկեցին ՀՔԾ-ի՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ որոշումը։

Այսօրվա դատական նիստին ոչ դատախազությունից, ոչ էլ քննչական որևէ մարմնից ներկայացացուցիչ չէր եկել, վկայակոչել էին զբաղվածությունը։

Հովհաննես Խուդոյանը պնդեց՝ նիստը հետաձգել պետք չէ, պետք է այն շարունակել, քանի որ դատախազությունը ֆիզիկական անձ չէ, նիստին ներկայացուցիչ ունենալու ցանկության դեպքում կարելի էր ապահովել ներկայացուցչի մասնակցությունը։

Խուդոյանն ընթերցեց ուղիղ եթերում Փաշինյանի հնչեցրած խոսքից մի հատված, որտեղ Փաշինյանը սպառնում է ցուցարարներին, մեղադրում նախկին իշխանություններին «թալանի» համար ու վրեժի կոչ անում։

«Մենք նկատել ենք, որ նման հայտարարությունն իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի հատկանիշներ՝ մասնավորապես սպանության քարոզչության, ծանր վնաս պատճառելու, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել»,- ասաց Խուդոյանը։

Փաստաբանի խոսքով, այդ պահին իրական վտանգ կա, քանի որ իրավապահ մարմինները հաշվետու են գործադիր մարմնի ղեկավարին, բացի այդ առանձնացվում են հասարակության այն շրջանակները, որոնցից պետք է վրեժ լուծել։

«Ավելին, Փաշինյանը ոչ միայն ինքն է պատրաստվում վրեժ լուծել իր տիրապետության տակ գտնվող մեծ ռեսուրսի կիրառմամբ, այլև նման կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ ըստ էության հրահրելով քաղաքացիական պատերազմ, տարածելով ատելության խոսք»,- ընդգծեց փաստաբանը։

Փաստաբանը նկատեց, ծանրացնող հանգամանք կա, քանի որ նման հայտարարությունները կատարվում են պաշտոնատար անձի կողմից, քանի որ նաև նա ունի մեծ լսարան ու հետևորդներ, անձինք, ովքեր համակրում են նրան, ընդ որում ունի նաև ենթակաների ստվար զանգված, որոնք ուղղակի ազդեցություն կրող են, ինչպես նաև իրավապահ մարմիններ, որոնք կարող են անգործություն ցուցաբերել, ինչպես եղավ դատարանների շրջափակման ժամանակ։

Նշենք, որ Քր. Օր.-ի 137 հոդվածը՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը» սահմանում է.

«1. Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափը»։

Նիստի տեսագրությունը՝ Yerevan.today կայքից