Կանխատեսվում է դոլարի փլուզում

Տնտեսագետ Սթիվեն Ռուչը հիշեցրել է իր կանխատեսումը, որ դոլարը 2021 թվականի վերջին 35 տոկոսով կնվազի, և հայտարարել, թե ինքը վստահ է արժույթի հետագա թուլացման մեջ:

«Մենք դեռ գտնվում ենք բեյսբոլի 9 փուլանոց խաղի միայն երրորդ փուլում: Եթե կանխատեսումն իրականանա, դա կարևոր ազդանշան կլինի Ամերիկայի 46-րդ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման առաջին տարում»,- գրել է նա «Բլումբերգի» հոդվածում:

Նա նաև նշել է երեք հիմնական պատճառ, որոնք իր կարծիքով՝ նպաստում են դոլարի անկմանը:

  1. Միացյալ Նահանգների վճարային հաշվեկշռում ընթացիկ հաշվի պակասուրդի կտրուկ աճ,
  2. եվրոյի գնանշումների աճ,
  3. Դաշնային պահուստային համակարգի չարձագանքելը դոլարի ցանկացած թուլացմանը:

Ըստ հոդվածագրի, արժույթի վիճակը բարդանում է նաև շարունակվող կորոնավիրուսային համավարակով և տնտեսական իրավիճակով պայմանավորված, որը անկման եզրին է: Ստեղծված պայմանները, ինչպես նշում է տնտեսագետը, ստիպում են վարչակազմին առաջարկել տնտեսական օգնության  ևս մեկ նշանակալի փաթեթ:

«Նման որոշումը հետևանքներ կունենա ցանկացած տնտեսության համար: Ամերիկան ​​բավարար խնայողություններ չունի»,- ամփոփել է նա:

Բացի դրանից, ներկայումս, փորձագետի խոսքով, ամերիկյան տնտեսությունը խիստ կախված է օտարերկրյա փողերից, քանի որ երկրի զուտ ներքին խնայողությունների գործակիցը իջել է չափումների պատմության մեջ ամենացածր մակարդակին: