Բանակի ղեկավարները կարող են ճիշտ պատասխան տալ` ինչո՞ւմ է Շուշիի առեղծվածը. Սեյրան Օհանյան

Այս օրը բոլոր տարիներին մեծ շուքով է տոնվել, կարծում եմ՝ էլի կգան ժամանակներ ու նույն կերպ կտոնենք, իսկ դրա համար պետք է պարզել Արցախյան 44-օրյա պատերազմի պարտության պատճառները: Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Պատճառները շատ են, այսօր չէի ուզի ասել: Այսօր գտնվում եմ Եռաբլուրում, խոնարհումը բերում մեր բոլոր հայորդիներին, որոնք իրենց կյանքն են տվել` սկսած Արցախյան առաջին պատերազմից:

Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ մեր ժողովրդին թեկուզ այս դժվար, հոգեբանորեն ընկճված իրավիճակում»,- ասաց նա:

Նա ընդգծեց՝ մեր զինվորների հերոսությունների շնորհիվ է հայ ազգն իր արժանապատվությունը պահպանում:

«Կարծում եմ՝ պետք է ճիշտ հետևություններ անենք, միայն դրա արդյունքում կարող ենք ամեն ինչ անել, որ առաջին հերթին բանակը վերականգնվի ու բանակի շուրջը համախմբվենք բոլորս: Բանակն ամենաարագը կարող է վերականգնվել այն առումով, քանի որ ամենակազմակերպված և ամենակարգապահ կառույցն է, այն Սահմանադրությամբ հանդիսանում է մեր անվտանգության երաշխավորը և իր առաքելությունը նա պետք է շարունակի:

Այս ամենը բանակի ողջ անձնակազմը պետք է պատվով գիտակցի և այսուհետև ևս կազմակերպված ձևով պատվով կատարի իր առաքելությունը»,- ասաց Ս. Օհանյանը:

Նախկին նախարարը նշեց, որ պատմության ընթացքում հայ ազգին միշտ են խփել, բայց գոտեպնդվել ու առաջ է գնացել, հիմա էլ է պետք առաջ գնալ:

«Ես կարծում եմ, որ պարտվել է պետությունը, քանի որ պետություններն են պայքար մղում: Պետությունը չկարողացավ ողջ ժողովրդին համախմբել բանակի շուրջը, բանակի թիկունքն ամրապնդել, ճիշտ որոշումներ ընդունել քաղաքական և ռազմական հարթություններում, որպեսզի կարողանանք հաջողությունների հասնել: Իհարկե, մենք կռվել ենք ոչ միայն Ադրբեջանի, նաև թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց աջակցող տարբեր ուժերի, ահաբեկիչների դեմ:

Բայց գտնում եմ, որ այսօր, երբ ասում ենք՝ պարտություն, թե հաղթանակ, մենք կարող էինք հաղթել, ամուր կառչել հատկապես Հադրութում, Ջաբրայիլում, լեռնաանտառային տարբեր հատվածներում, բայց դրա գնահատականը ժամանակը կտա, կտան ստեղծվող տարբեր քննիչ հանձնաժողովներ, որոնք պետք է քննեն ու համապատասխան ուղղություն տան մեր պետությանը և բանակին առաջ շարժվելու համար»,- ասաց Ս. Օհանյանը:

Ինչ վերաբերում է Շուշիի անկմանը, պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Ես Շուշիում եղել եմ որպես կամավորական և փորձել եմ տեղի աշխարհազորին աջակցություն ցուցաբերել: Շուշիի մարտական գործողությունները, ինչպես նաև մնացած մարտական գործողությունները ողջ պատերազմի ընթացքում, ղեկավարել է բանակի ղեկավարությունը և այդ բոլոր հարցերը կարող եք տալ բանակի ղեկավարներին, որոնք էլ կարող են ճիշտ պատասխան տալ, թե ինչում է կայանում Շուշիի առեղծվածը:

Բայց այն, որ բարձր մակարդակով տարբեր արտահայտություններ են անում՝ հենց բանակցությունների սկզբում Շուշին կար, Շուշին դժգույն քաղաք էր, Շուշին հայկական չէր և այլն, այդ ամեն ինչը նաև մեզ բերում է կասկածամտության, թե Շուշիի անկումն ինչպես եղավ: Այդ հարցերին թող պատասխանեն իրենք, իրավապահ մարմինները, որոնք կքննեն ու կպարզեն»: