Պահանջում ենք, որ գլխավոր դատախազը ձերբակալի Փաշինյանին. Արշակ Զաքարյան

Պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, այս իշխանությունները փորձում են հնարավորինս ձգձգել, կառչած մնալ իրենց աթոռներից, այսօր վարչապետն ասում է՝ ուզում է մնա և կազմակերպի ընտրություններ, պարզ է, որ վարչական ռեսուրսը պետք է օգտագործի, կեղծի: Այս մասին Դատախազության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:

«Ասում են՝ անկաշառ են եղել իշխանության գալիս. հարյուրհազարավոր քաղաքացիների տուգանքների չեղարկումն ընտրություններից անմիջապես առաջ կաշա՞ռք է, թե կաշառք չէ, հազարավոր մեր քաղաքացիների, որոնք բանտարկված են եղել, ընտրություններից առաջ բանտերից դուրս թողնելը նրանց հարազատներին կաշառե՞լ է, թե ոչ: Եթե նրանք կարծում էին՝ մենք տուգանքի մատերիալ չենք, ինչո՞ւ այդ պրակտիկան, որ ցուցաբերեցին ընտրություններից առաջ, չշարունակվեց, կասեի՝ ընդհակառակը ավելի շատացան տուգանքները»,- ասաց նա:

Արշակ Զաքարյանը հավելեց. «Հիմա մենք ժամանակ ենք տվել գլխավոր դատախազին: Ասում են՝ աշխատանքային օր չէ, բայց եթե ինձ ձերբակալելու պատճառ լինի, նա անմիջապես կգա գործի, մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա պետք է վաղուց ձերբակալվեր, փաստերը ներկայացրել է Արթուր Ղազինյանը, բայց կասկածող կա՞, որ մենք այսօր բռնապետության մեջ ենք: Հուսով ենք՝ դատախազը կգա, եթե չգա ուրեմն մենք պատասխանատվություն ունենք նրան ձերբակալելու, քաղաքացիական ձերբակալություն իրականցնելու, որովհետև նա հրաժարվում է կատարել ժողովրդի, թեկուզ այսքան ժողովրդի պահանջը»: